Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը թիմային աշխատանքի արդյունք է. Վահագն Դավթյան
СпортՀայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը վերջին արդյունքը համարում է գնահատական թիմային աշխատանքին:
«Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում մրցանակային տեղ գրավեցի, սակայն կային թերություններ, որոնք կշտկեմ: Ուրախ եմ, որ հաջողվեց Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնության մեդալը մեր թիմի նվաճած մեդալն է: Սա թիմային աշխատանքի, ջանքերի արդյունքն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:
Դավթյանը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպական երկրորդ խաղերին: «Նպատակ ունեմ Եվրոպական խաղերին լավ մասնակցել, իսկ արդյունքն, իհարկե, կցանկանամ կրկնել կամ գերազանցել Եվրոպայի առաջնությունում գրանցած իմ արդյունքը: Ուզում եմ պարզապես լավ ելույթ ունենալ Մինսկում: Ես շատ լավ եմ տրամադրված»,- ասաց նա:
Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր:
Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը, միայն 7-րդն էր: Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչում, հավաքելով 83.097 միավոր, գրավեց 8-րդ տեղը: