Չփաստարկված, ինտուիտիվ իրավիճակի արդյունքները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության նոր կառուցվածքի խորհրդարանական քննարկումներն ավելի գլոբալ հարթության վրա ընդամենը բացահայտեցին այն իրողությունը, որ մենք այսօր ունենք իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե փաստարկներով, երկարաժամկետ ու կարճաժամկետ զարգացման ծրագրերով, այլ մեկ մարդու անձնական որակներով, նույնիսկ՝ ինտուիցիայով, ինչի մասին նախօրեին ԱԺ-ում անկեղծորեն խոստովանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում տարած շռնդալից հաղթանակից հետո որոշվում է անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ մոնոլիտ իշխանություն ձևավորելու տեսլականով։ Ընդդիմությունը բերում է փաստարկներ, ինչին ի պատասխան ստանում է «հակահեղափոխականի» կամ «սևի» պիտակավորում, իսկ բառացիորեն երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ հեղափոխության էյֆորիայի պիկին ձևավորված խորհրդարանը քաղաքական առումով անգործունակ է։
Կառավարության նոր կառուցվածքի հիմքում չկան մասնագիտական եզրակացություններ, հաշվարկներ, կանխատեսումներ. ակնհայտորեն այն կարվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև նույնիսկ վարչապետն ու արդարադատության նախարարը չեն կարողանում հստակ նշել, թե կասկածելի օպտիմալացման հետևանքով քանի մարդ է կորցնելու իր աշխատանքը։ Ավելին, երբ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հիշեցրել են, որ ընդամենը մեկ տարի առաջ նա խոստացել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը վերադարձնել նախարարության կարգավիճակ, վերջինիս միակ «փաստարկն» այն է եղել, թե իրենք չեն խոսել կոնկրետ ժամկետների մասին։
Վարչապետը բացահայտորեն հայտարարում է, որ իր կառավարությունը գործում է գնահատման չափանիշներից դուրս։ Այսինքն, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, կարող են հնչել հայտարարություններ, որոնք վաղը սրբագրվեն՝ քաղաքական մեկ այլ իրավիճակում։ Օրինակ՝ հիմա բրենդային է «տնտեսական հեղափոխություն» տերմինը, սակայն կառավարությունը դարձյալ ժամկետներ չի ասել, ու տարվա վերջին, երբ գա ամփոփումների ժամանակը, վարչապետը կարող է հանգիստ ասել, որ տնտեսական հեղափոխություն ասվածը պլանավորված է հինգ կամ տասը տարվա համար։
Երբ կառավարությունը չի ունենում ռացիոնալ ծրագրեր կամ հակափաստարկներ, որոնցով հնարավոր լինի հակադարձել ընդդիմությանը, գործի են դրվում քաղաքական ամբարտավանությունը, պոպուլիզմը, սպառնալիքները, վիրավորանքները, անվանարկումները։ Բավական է ընդդիմախոսներին մեղադրել «հակահեղափոխության» մեջ ու նրանց սպառնալ ամբոխի դատաստանով։ Հայաստանն, ի վերջո, ոչ թե չուլան է, այլ՝ պետություն։
Կամ՝ ինչի՞ էր նման կառավարության կառուցվածքի մասին քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի երեկվա ելույթը, որտեղ բացարձակապես բացակայում էր փաստարկը, փոխարենը՝ ընդդիմախոսների նկատմամբ ցեխարձակումների, ամբարտավանության հասնող մեծամտության պակաս չկար։
Դժվար է քաղաքական կապիտալ ստեղծել՝ Փաշինյանին քծնելով կամ նրա ընդդիմախոսներին «սևացնելով»։ Ի վերջո, հասարակությունը հոգնել է նման տեսարաններից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում