Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին
ЭкономикаԱյսօր կառավարությունում ամփոփվել են առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայով քննարկումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Մյուս մարդիկ այս օրենքի հետ առնչություն պիտի չունենան»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:
Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շրջանակներում աշխատանքային խումբ է գործել եւ այդ գործունեության արդյունքում արդեն իսկ կա ՀՀ օրենքի նախագիծը, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք:
«Սա շատ կարեւոր թեմա է եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել եւ որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանի բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել»,- ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ տպավորություն է ստեղծվել, որ այս քննարկումները սկսել են թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, բայց առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման մասին գործընթացն իրականում այլ պատմություն ունի եւ այլ են հիմնավորումները: