Ընդդիմության արժևորո՞ւմ, թե՞ իրավիճակային լուծում. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակը այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է նաև կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավիրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Սա «Իմ քայլը» խմբակցության արձագանքն է կառավարության կառուցվածքի շուրջ տեղի ունեցած քննարկումներին, մասնավորապես՝ ընդդիմության այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է սուպերվարչապետական համակարգը չեղարկելու խոստումից։ Խորհրդարանական մեծամասնությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրում է, որ ականջալուր է ընդդիմության մտահոգություններին ու ցանկանում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։
Անկասկած, ողջունելի է, որ իշխանությունն ընդառաջ քայլ է անում ընդդիմությանը։ Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սովետական իրականության օրինակով՝ գործող իշխանությունը փորձում է «ջրել» ընդդիմության բարձրացրած հարցը։ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման գործընթացը շատ նման է սովետական իրականության հանձնաժողովների ստեղծման պրակտիկային, երբ հարցը տեղափոխվում էր անդադար ու անպտուղ քննարկումների հարթություն՝ ի վերջո կորցնելով ակտուալությունը։ Հիմա ստեղծվում է ճիշտ նույն տպավորությունը, մանավանդ՝ հայտնի չէ՝ երբ են տեղի ունենալու այդ փոփոխությունները ու, առհասարակ, արժե՞ր այս հարցով նախաձեռնել Հիմնական օրենքի փոփոխությունների գործընթաց։
Բանն այն է, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով, ու ընդդիմության մտահոգությունները կարող էին փարատվել, եթե ոստիկանությունը, ՊԵԿ-ը կամ ԱԱԾ-ն ստանային նախարարության կարգավիճակ կամ ներառվեին այլ նախարարությունների մեջ ու հաշվետու դառնային խորհրդարանին։ Կառավարությունն ու մեծամասնությունը չգնացին այս բնական ճանապարհով՝ չունենալով որևէ լուրջ փաստարկ, հիմա ո՞րն է երաշխիքը, որ նրանց մոտեցումները կվերանայվեն սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ։
Ասենք՝ արդյո՞ք հիմնավոր էր Նիկոլ Փաշինյանի այն փաստարկը, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կքաղաքականացվեն՝ նախարարություն դառնալով։ Իհարկե՝ ոչ։ Այս տրամաբանությամբ՝ բանակը պետք է վաղուց քաղաքականացված լիներ։ Բացի այդ՝ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության, ՆԳ ու ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի ողբերգության պատճառներից մեկն այն է եղել, որ իրավապահ մարմիններն ունեցել են իրենց այսօրվա կարգավիճակը, այլ խոսքով՝ վերահսկելի չեն եղել խորհրդարանի կողմից։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը պնդում է, որ 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ունենալով այսօրվա կարգավիճակը, ամենաքաղաքականացվածն են եղել։
«Իմ քայլի» նախաձեռնությունը վիճահարույց է նաև իրավական տեսանկյունից, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ, թե հնարավոր սահմանադրական փոփոխություններով ինչպես են նույնացվելու նախարարների ու վարչապետին առընթեր մարմինների ղեկավարների կարգավիճակները։
Տպավորություն է, որ հեղափոխության թիմի հերթական էմոցիոնալ արձագանքն է, որը ժամանակի ընթացքում դարձյալ խմբագրվելու է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում