Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին
АналитикаՀայաստանում վերջին ամիսների ընթացքում սկանդալների, աղմկահարույց գործընթացների պակաս առանձնապես չի զգացվում։ Օրերս այդ միտումը նոր թափ ստացավ, ինչն իր արտացոլումը գտավ վարչապետի հանձնարարականներում, հայտարարություններում, ինչպես նաև բիզնես դաշտում արտաքինից տնտեսական, սակայն խորքային առումով քաղաքական բաղադրիչ պարունակող զարգացումներում։
Օրերս կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի և տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին և ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։ Թեման բավականին լայն արձագանք ստացավ երկրի ներսում, քաղաքական դաշտում, նույնիսկ միջազգային կառույցների շրջանում, քանի որ այստեղ շատերը նկատեցին խոսքի ազատության սահմանափակման վտանգ։ Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաև տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ։
Իր հերթին միանգամից բացասական երանգ ստացավ մանիպուլյացիա եզրույթը, թեև ինչպես փորձագետներն էին նշում իրենց ելույթներում, ցանկացած լավ քաղաքական գործիչ խոշոր հաշվով տիրապետում է նաև մանիպուլյացիոն գործիքների, և դա նրա գործունեության բնական ասպեկտն է։
Զարմանալի զուգադիպությամբ ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականից մեկ-երկու օր անց ծագեց «Սպայկա» ընկերության թեման։ «Սպայկան» երկար տարիներ եթե ոչ մենաշնորհային, ապա գերակշռող դերակատարում ունի Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում։ Այստեղ իհարկե շատերը արձանագրեցին դեպքերի անտրամաբանական զարգացման շղթան, քանի որ «Սպայկայի» հետ կապված պատմության մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ նույն վարչապետը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մեծ շուքով ընկերության պաշտոնական սեփականատիրոջ՝ Դավիթ Ղազարյանի հետ բացում էր «Սպայկայի» հերթական նոր բիզնեսը՝ պանրի արտադրությունը։ Այն ժամանակ ոչ ոք չէր հիշում, որ «Սպայկան» ունի հսկայական հարկային պարտավորություններ, որոնք, ինչպես վարչապետն էր վերջերս ասում, կարող են միայն մեքենայությունների հետևանք լինել։
Այս տարօրինակ զուգադիպության համատեքստում շատերը փորձեցին տեսնել նախ և առաջ քաղաքական երանգ։ Խնդիրն այն է, որ ըստ օդում կածված լուրերի՝ այս ընկերության սեփականատերը այնուամենայնիվ այլ մարդիկ են, որոնք առնչություն ունեն թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ամենաբարձր կառույցների ղեկավարների հետ։ Ոմանք էլ ենթադրում են, որ սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսվել։ Այս վարկածը գրեթե հիմնավորում են այն հայտարարությունները, որ ինչ-ինչ ընկերություններ արդեն այժմ պատրաստ են գոնե մասամբ գրավելու «Սպայկայի» բիզնես նիշան։ Ի դեպ, բիզնես կուլիսներում շշուկներ կան, որ դրանց հետևում կանգնած են վարչապետին մոտ կանգնած որոշ մեծահարուստներ։
Անդրանիկ Հարությունյան