Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Международные новостиՖրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, ավելացնելով, որ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն այդ երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում և Մարսելում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: