Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի
Международные новостиՓարիզի ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնավորներ»-ի ակցիայի 70 մասնակցի: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ակցիան սկսվել է առավոտից՝ Բերսի թաղամասում գտնվող մարզահամերգային համալիրի մոտից:
Քաղաքի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ չեն աշխատում: Ոստիկանության միջնորդությամբ մի քանի կայարաններ տեղական ժամանակով 08:00-ից փակվել են:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստներն ավելի վաղ հայտարարել էր, որ մտավախություն ունի, թե ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորներ»-ի ակցիան կվերածվի անկարգությունների: Իրավիճակը վերահսկելի դարձնելու համար Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը մեղմելու համար: