Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները:
Սահմանամերձ շուրջ 31 համայնքների բնակիչների կոմունալ վճարները կփոխհատուցվեն նվազագույնը 50 տոկոսով: Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, ով խնդրեց մոտավորապես ներկայացնել փոխհատուցման չափերը:
«Մենք մեր քննարկումների ժամանակ ուղենիշ ենք սահմանել, որ փոխհատուցումը լինի նվազագույնը 50 տոկոսով: Անցած և նախանցած տարիներին արտոնությունների ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում էլեկտրաէներգիայի միջինացված ծախսը եղել է 110 կիլովատի շրջանակում, գազի միջինացված ծախսը՝ 30 խորանարդ մետր: Մենք գնահատել ենք նաև ոռոգման ջրի ծավալները, որովհետև փաստացի փոխհատուցել ենք 50 տոկոսի չափով: Եվ եթե 50 տոկոսի փոխհատուցման գնահատականով գնանք էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի պարագայում, ապա խոսքը կարող է լինել շուրջ 1 միլիարդ դրամի մասին»,- ասաց Տերտերյանը և նշեց, որ «շուրջ 1 միլիարդ» է ասվում, քանի որ այս պահին ճշգրիտ հաշվարկներ չեն կարող լինել, և փաստացի ծախսերը կիրականացվեն 2015-ին: