Գուշակներն ընդհանրապես ինձ հավատ չեն ներշնչում: Եվ չեմ ցանկանում քննադատել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում ի հայտ եկած խնդիրների պատճառն ուզում են գուշակներից իմանալ, կամ ցանկանում են իրենց ապագան իմանալ գուշակներից: Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում: Բայց այնուամենայնիվ, ինչպես ասում են ֆրանսիացիները, երբեք մի ասա երբեք: Մի օր ընկերուհուս, որ ընտանեկան խնդիրներ ուներ, խորհուրդ տվեցին գնալ գուշակի մոտ: Նա ինձ շատ խնդրեց և ես նրան ընկերակցեցի:

Մենք աշխատում էինք բարձրակարգ ընկերությունում, բավականին լավ վարձատրվում էինք: Այդ ընկերությունում խիստ կարգապահություն էր սահմանված և կարող էինք գնալ միայն աշխատանքից հետո: Զանգահարեցի ամուսնուս և տեղյակ պահեցի, թե ուր եմ գնում, կապվեցի երեխաներիս հետ և խնդրեցի մինչև իմ վերադառնալը անպայման ճաշել և կատարել տնային առաջադրանքները:
Մենք հասանք մի քարաշեն տան մոտ: Այդ տան բակում նստարաններին նստած էին մի քանի կանայք: Պետք է սպասեինք մինչև մեր հերթը հասներ: Ես լսում էի այդ կանանց զրույցը, նրանք հիացած պատմում էին այդ կնոջ «հրաշագործ» ուժի մասին: Մոտ մեկ ժամ անց վերջապես մեզ բախտ վիճակվեց ներս մտնել: Սկզբում նա ընդունեց ընկերուհուս, որոշ ժամանակ անց ընկերուհիս նրա սենյակից դուրս եկավ շփոթված: Ես ներս մտա միայն հետաքրքրությունից դրդված: Կիսախավար սենյակում մոմերի լույսի ներքո մի կին էր նստած: Նա քթի տակ շարունակ ինչ որ անհասկանալի բառեր էր մրմնջում:

Խռպոտ ձայնով ինձ ասաց.
— Ինչ խնդիր ունես, ինչն է քեզ ինձ մոտ բերել, ես կօգնեմ քեզ:
Ես որոշեցի ձևացնել և խեղճ ձայնով ասացի.
— Ես շատ խնդիրներ ունեմ, ուզում եմ ամուսնանալ, աշխատանք չեմ կարողանում գտնել:
Այդ ասելիս հազիվ էի կարողանում զսպել ծիծաղս:
Նա աչքերը վեր բարձրացրեց, նայեց առաստաղին, հետո լուրջ դեմք ընդունեց և ասաց.

— Խեղճ աղջիկ, այս ինչ եմ տեսնում, քեզ թուղթ ու գիր են արել, մեկի տեղը երեք անգամ, որ երբեք չամուսնանաս, եթե ամուսնանաս էլ, երեխաներ չես կարող ունենալ, դու անպտուղ ես: Ես կբացեմ այդ թուղթ ու գիրը, բայց մի քանի ամիս կպահանջվի, քեզ վրա շատ չար աչքեր կան, ձեր տան աջ կողմի հարևանը շատ է նախանձում քեզ: (Ընթերցողին տեղեկացնեմ, որ այդ հարևանը իրականում մայրս է): Քեզ անիծել են, որ ողջ կյանքում աղքատ ապրես (սիրելի ընթերցող, իրականում, ես բավականին ապահովված եմ, ամուսինս և ես լավ ենք վաստակում): Դու չես կարողանում աշխատանք գտնել, քեզ նավսել են: Բայց մի մտածիր, ես քեզ կօգնեմ, մի քանի ամիս անց և ամուսին կգտնես և իմ բուժիչ խոտերի օգնությամբ երեխաներ կունենաս: Հիմա գնա, 3 օր հետո ես քեզ կսպասեմ, քեզ հետ կբերես քո բարձը, որի վրա քնում ես, բացի այդ ինձ որոշ բաներ է պետք գնել, որ կարողանամ քեզ օգնել, դա մի փոքր թանկ կարժենա, բայց ես քեզ համար զեղչեր կանեմ:
Ես նրան վճարեցի և դուրս եկա:
— Դե, ի՞նչ ասաց, — հարցրեց ընկերուհիս:
— Նա ինձ ասաց, որ ճիշտ եմ անում, որ գուշակներին չեմ հավատում:
Ընկերուհիս զարմացած նայեց ինձ ու ասաց.
— Փաստորեն ճիշտ է գուշակում: