Կրեատիվի պակասով «ֆեյքերը». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին հանրության շրջանում շատ են խոսում ֆեյքերի և սոցցանցերի կեղծ օգտատերերի մասին, որոնք հիմնականում օգտագործում են քաղաքական շահեր հետապնդող կառույցները: Ոլորտի մեծ մասնագետ պետք չէ լինել նկատելու համար, որ ֆեյքերի հստակ ֆիքսված բանակ ունեն նաև իշխանությունները, որոնք լծված են ոչ միայն իշխանություններին փառաբանելու, հարձակումներից պաշտպանելու, այլև նախկին իշխանությունների գրառումների և «լայվերի» ներքո պարբերաբար գրառումներ կատարելու գործին: Սա բնական է, այդպես եղել է միշտ ու լինելու է: Սակայն ուշագրավ է այդ «բանակի» համակարգման ու հրահանգավորման գործընթացը:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանական ֆեյքային օգտատերերն ամենաագրեսիվն են. նրանց գրառումներում գերակշռում են սարկազմը, անվանարկումները, անեծքը, ամբարտավանությունը, երբեմն նույնիսկ հայհոյանքները: Ըստ նախնական դիտարկումների, «նախկինների» կամ մի թեթև «հակաիշխանականների» հատկապես «լայվերի» ժամանակ գրեթե անընդհատ կրկնվում են նույն ֆեյքերի գրառումները. տպավորություն կա, որ նրանցից յուրաքանչյուրը ամեն «լայվի» համար գրառման քանակի պլան ունի: Ի դեպ, ուշագրավ է, որ դրանք արտահայտվում են հիմնականում նույն բառապաշարով ու շեշտադրումներով, ավելին՝ հաճախ նույն «բանալի» բառերով, որոնք հաստատ շարքային օգտատերերը չեն օգտագործում:
Հասարակական կարծիքի ձևավորման ճանապարհին ֆեյքային «պատերազմն» ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ իրոք արտասովոր բան չկա: Առավել արտասովոր է, երբ ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ: Եվ ընդհանրապես, քաղաքականության մեջ նույնիսկ մանիպուլ յացիոն պայքարի մեջ արտառոց բան չկա, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է: Մնում է մի քիչ կրեատիվ լինել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում