Ստացվում է երկրում հակասահմանադրական իրավիճակ է
ИнтервьюՕրերս ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հիմա երկրում հակասահմանադրական իրավիճակ է, քանի որ ԱԺ ընտրություններից մոտ չորս ու կես ամիս հետո դեռևս կառավարություն չի ձևավորվել:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը վերջնակապես չձևավորվեց, քանի որ իշխանությունները նախաձեռնել էին կառավարության կառուցվածքի փոփոխություն իրականացնել: Բայց, պարզվում է, որ նման երկար ժամանակ պահանջվող գործընթացների պարագայում, թերի ձևավորված կառավարության աշխատաքը կարող է հակասահմանադրական որակվել:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես կա նման բան: Եվ չնայած կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի համաձայն կառավարությունը համարվում է ամբողջովին ձևավորված, եթե կառավարության երկու երրորդը նշանակված է, սակայն այդ դրույթը վերաբերում է ոչ թե սովորական, այլ ֆորսմաժորային իրավիճակներին:
«Ներկայում որևէ ֆորսմաժորային իրավիճակ չկա: Բացի այդ, կառավարության նիստերին դեռևս չկրճատված գերատեսչությունների ղեկավարների փոխարեն մասնակցում են նախարարների տեղակալներ, ինչի իրավունքը չունեն: Իրականում նախարարը պետք է իր տեղակալին լիազորի մասնակցել կառավարության նիստերին: Բայց, փաստորեն, որոշ գերատեսչություններ նախարարներ չունեն, որ իրենց պարտականությունները լիազորեն տեղակալներին: Եվ արդեն մի քանի ամիս է կառավարության նիստերը նման ձևով են ընթանում, ինչը հակասահմանադրական իրավիճակ է համարվում: Ի՞նչն էր խանգարում, որ նախարարներ նշանակվեին, որից հետո, կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքն ընդունվելուց հետո ազատվեին իրենց զբաղեցրած պաշտոններից: Այդ ժամանակ ամեն ինչ կլիներ օրինական և լեգիտիմ, բայց հիմա, փաստորեն, այդպես չէ: Փաստորեն ստացվում է, որ հիմա ունենք հակասահմանադրական իրավիճակ, քանի որ պարտավոր էին նշված ժամանակահատվածում կառավարության անդամներին նշանակել»,- ասաց Վ. Այվազյանը:
Այլ կերպ ասած՝ Սահմանադրությունը վարչապետի վրա հստակ պարտականություն է դնում՝ նշանակվելուց հետո 5 օրվա ընթացքում ձևավորել կառավարություն, առաջադրել նախարարների և տեղակալների թեկնածությունները, իսկ տասը օրվա ընթացքում երկրի նախագահը պետք է նշանակումներն իրականացնի, ինչը մեր դեպքում թերի է եղել:
«Ըստ էության, ՀՀ վարչապետն իր սահմանադրական պարտականությունը չի կատարել, որի հետևանքով իր պարտականությունները չի կատարել նաև ՀՀ նախագահը: Մեկ հանգամանք ևս: Սահմանադրությունը չի կարելի տառացիորեն մեկնաբանել և ասել, որ եթե օրենքն ասում է կաբինետի երկու երրորդը նշանակված է, ապա խնդիր չկա: Եվ եթե ունենք պետություն, կառավարություն և Սահմանադրության պահանջ, ապա ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում իրականացվեր: Ինչ վերաբերում է երկու երրորդին, ապա նկատի է առնվել ֆորսմաժորային իրավիճակները: Ենթադրենք, 5-6 նախարար միասին վթարի ենթարկվեն, հանկարծ դժբախտ դեպք տեղի ունենա և այլն, որպեսզի դրա հետևանքով կառավարության աշխատանքը չտուժի: Բայց մի քանի ամիս շարունակ նախարարներ չնշանակելը պայմանավորել կառավարությունում կառուցվածքային փոփոխություններով ճիշտ չէ, և այս պարագայում, իհարկե, հակասահմանադրական իրավիճակի հետ գործ ունենք»,- ասաց Վ. Այվազյանը:
Արմինե Գրիգորյան