«Հանքարդյունաբերության հարցում վարչապետը պետք է քաղաքական կամք դրսևորի». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ հանրության և պետության ուշադրության կենտրոնում: Մի կողմից պետական պաշտոնյաները նշում են, որ Ամուլսարի և Թեղուտի հանքերը կվերագործարկվեն, եթե բնապահպանական համալիր փորձաքննությունների արդյունքում պարզվի, որ ռիսկերը կառավարելի են, իսկ մյուս կողմից հասարակությունը, հանքերի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն անթույլատրելի են համարում նման որոշումը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հանքերի շահագործման հետ կապված շատ «եթե»-ներ կան, որոնք մեկը մյուսին հակասում են: Օրինակ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեռ ամենասկզբում բնապահպանները նամակներ էին գրել բոլոր այն բանկերին, որոնք պետք է ֆինանսավորեին ծրագիրը՝ տեղեկացնելով ռիսկերի մասին:
«Երբ Ամուլսարում սկսեց աշխատել «Լիդիանը», տեղի բնակիչներից բավականին մեծ գումարներով հողեր գնվեցին, սկսեցին գումարներ բաժանել բնակչությանը, որպեսզի մարդիկ չբողոքեն: Սկզբնական շրջանում՝ լսումների ժամանակ, երբ բնապահպանները խոսում էին ռիսկերի մասին, տեղի բնակչությունն այդ ժամանակ այլ դիրքորոշում ուներ, որի վրա հիմնվելով՝ «Լիդիան ինթերնեյշնլը» հիմա հաճախ պնդում է, որ հանրային լսումներ եղել են, և իրենք համաձայնության են եկել բնակիչների հետ: Նախկինում տեղի բնակիչները սատարում էին այդ կազմակերպությանը, իսկ հետագայում, երբ հասկացան, որ բնապահպանական, առողջապահական լուրջ խնդիրներ են ծագելու, ընդվզում սկսվեց», - ասում է բնապահպանը:
Նա հիշեցնում է, որ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների, հանրային լսումների, քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ այս հանքի շահագործումը մեր պետությանն անհրաժեշտ չէր: «Հարց է ծագում՝ ո՞ւմ քմահաճույքով կամ որոշմամբ այս հանքավայրը շահագործվեց՝ առանց հաշվի առնելու, թե ինչպիսի վնաս կարող է այն պատճառել շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Սա Հյուսիս- հարավ ճանապարհը չէ, որը լուրջ ստրատեգիական նշանակություն ունի, ի վերջո, այս հանքը կարող է չաշխատել», կարծում է Ադամյանը:
Բնապահպանը նաև նշում է, որ շատ փորձագետներ պարբերաբար ասում են, որ իրենք խնդիրներ են տեսնում Սևանի, Ջերմուկի խորքային ջրերի հետ կապված: «Շրջակա միջավայրի փորձաքննություն, ապացույց չկա, որ այդ հանքը ազդեցություն չի ունենա Ջերմուկի խորքային ջրերի վրա: Սակայն այդ փաստը հաշվի չի առնվում: Ասվում է, որ կա շահերի բախում, և տեղի փորձագետները չեն կարող հետազոտություններ անել: Սակայն ես հակառակ կարծիքն ունեմ, քանի որ տեղի փորձագետներն ավելի ճիշտ են գնահատում իրավիճակը», - շեշտում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ երբ ժամանակին հանդիպել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, խոսել վտանգների մասին, Կարապետյանն ասել է, որ ամեն ինչ արդեն արված է, և եթե «Լիդիանը» Հայաստանին դատի տա, ապա պետությունն ի վիճակի չի լինի խոշոր գումարներ վճարել:
«Ես համաձայն չէի նախկին վարչակարգի հետ, հիմա էլ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որը հանքերի վերագործարկման մասին խոսում է «եթե»-ներով: Պետք է ընդունենք քաղաքական որոշում, ոչ ասենք այդ հանքավայրին, որովհետև բոլորս, այդ թվում՝ վարչապետը, հասկանում ենք՝ ինչպիսի վտանգներ կան հանքավայրի վերագործարկման դեպքում: Այն գտնվում է Ջերմուկի տարածքում, իսկ Ջերմուկը համաշխարհային մակարդակի առողջարան է, դրա կողքին չի կարող հանքավայր գործել: Միայն դա պետք է բավարար լիներ, որ ներկայիս կառավարությունը ձեռքը խփեր սեղանին և ասեր՝ նախկինում սխալ է գործվել, հիմա մենք դեմ ենք հանքի վերագործարկմանը: Այս հարցում վարչապետը քաղաքական կամք պետք է դրսևորի և ասի ոչ հանքավայրերի շահագործմանը», - հավելում է Սիլվա Ադամյանը:
Խոսելով առհասարակ հանքարդյունաբերության մասին, զրուցակիցս նշում է, որ բոլոր այն հանքավայրերը, որոնք կան և աշխատում են, դրանց պարագայում այլևս ոչինչ չենք կարող անել: «Մենք չպետք է կանգնեցնենք դրանց աշխատանքը, այլ ստիպենք, որ դրանք աշխատեն՝ պահպանելով բնապահպանական նորմերը: Չպետք է որևէ այլ տարածքում նոր հանքեր բացենք: Պետք է կարգի բերենք հանքարդյունաբերության ոլորտը և սահմանափակվենք դրանով: Ի վերջո, հանքարդյունաբերողն ունի միայն մեկ նպատակ՝ լցնել սեփական գրպանը, իսկ պետության և ժողովրդի ստացած օգուտը շատ քիչ է և համեմատելի չէ պատճառված վնասների հետ», - եզրափակում է բնապահպանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում