Գարիկ Քեռյան. «Հայաստանը պետք է դառնա ներգաղթի երկիր». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց` այսօր կնշվի «Քաղաքացու օրը»: Քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ զրուցել ենք թե՛ օրվա, թե՛ հետհեղափոխական շրջանում առկա խնդիրների մասին: Անդրադառնալով նախ «Քաղաքացու օրվան»՝ Գագիկ Քեռյանն ընդգծում է, որ տոնի խորհուրդն այլ է:
«Այդ խորհրդի համատեքստում «ի՞նչ է ստացել ՀՀ քաղաքացին, որ հիմա էլ դուրս գա ու քաղաքացու օր նշի» շեշտադրումներն այդքան էլ ճիշտ չեն: Մեկ տարի առաջ այդ օրը քաղաքացիական հասարակությունը հաղթանակ տարավ, ու քաղաքացիական հասարակության ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունեցավ: Սա որպես հաղթանակ է դիտվում, որովհետև, ըստ էության, 1991թ. անկախության հռչակումից մինչև 2018 թվական մենք չենք ունեցել որևէ դեպք, երբ իշխանությունը փոխվեր քաղաքացիական հասարակության ճնշման ներքո: Հայաստանում միշտ ընտրությունների միջոցով էր իշխանափոխության փորձ արվում, բայց չէր հաջողվում: Այս անգամ տեղի ունեցավ առանց ընտրությունների՝ քաղաքացիական հզոր շարժման հետևանքով: Անկախության շրջանից քառորդ դար անց տեղի է ունեցել իշխանափոխություն՝ քաղաքացու ակտիվության ճանապարհով: Սա է օրվա առանձնացման իմաստը: Սա է «Քաղաքացու օրվա» խորհուրդը, իսկ թե նոր իշխանության օրոք քաղաքացին ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, դա այլ հարց է: Դա կերևա հաջորդ ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների ժամանակ, որոնց ընթացքում մարդիկ կարտահայտեն իրենց վերաբերմունքը: Եթե այն բացասական եղավ, բնականաբար, քաղաքացու կողմից չի դիտարկվի որպես իրենց շահերի պաշտպանության կառավարություն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Շարունակելով՝ նա ընդգծեց. «Մենք չպետք է մոռանանք, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններով իշխանափոխությունն ամբողջությամբ չտվեց այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին քաղաքացու կյանքի, կեցության, իրավական վիճակի փոփոխությունը: Պատճառն այն էր, որ մինչև դեկտեմբերյան ընտրություններ, ըստ էության, երկիշխանություն էր: Իշխանափոխության գործընթացն ամբողջությամբ ավարտվեց միայն 2018 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններով: Եվ մենք, ըստ էության, փաստացի նոր իշխանության լիարժեք գործունեության ժամանակաշրջանը կարող ենք համարել 2019թ. հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Ընդամենը 4 ամիս, որն արդյունքների մասին խոսելու համար շատ քիչ ժամանակահատված է»:
Այդուհանդերձ, քաղաքագետն առանձնացրեց հետհեղափոխական շրջանում առկա այն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք լուծումների անհրաժեշտություն ունեն:
«Ամենաառաջնահերթ խնդիրը ԼՂ հակամարտության լուծման ինչ-որ մի տարբերակ գտնելն է, ինչը կունենա իր շղթայական դրական ազդեցությունը: Այսինքն, Հայաստանը հնարավորություն կունենա դուրս գալ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական շրջափակումից, ինչը պարտադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այդ տարբերակը հնարավորություն պետք է տա շնչել կոմունիկացիաների իմաստով: Հնարավորություն կտա պաշտպանական, ռազմական ոլորտից մեծ ռեսուրսներ և միջոցներ հանել ու դրանք ուղղել դեպի տնտեսական ու սոցիալական ոլորտ: Այս հանգամանքն արդեն իսկապես լուրջ հեղաշրջիչ և առաջընթաց քայլ կլինի, եթե, իհարկե, հաջողվի վերոնշյալ հարցով առաջ գնալ: Սա ամենամեծ
խնդիրն է, որը թե՛ նախկին, թե՛ նոր իշխանությունները չեն կարողացել լուծել»,-նշեց մեր զրուցակիցը:
Գարիկ Քեռյանն առանձնացրեց նաև ներդրումների համար բարենպաստ տնտեսական դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
«Ըստ իս, այդ հարցը լուծված չէ, և հիմա այդքան մեծ ներդրումներ չեն նկատվում: Բացի այդ, անհրաժեշտ է հարկային, մաքսային այնպիսի քաղաքականության մշակում, ինչը թույլ կտա թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների համար Հայաստանն ընկալել որպես տնտեսապես ձեռնտու երկիր: Մյուս հարցը սոցիալական հավասարության ապահովումն է, որովհետև սոցիալական ծայրահեղ անհավասարությունն այսօր հանգեցնում է արտագաղթի շարունակմանը: Սա արդեն մեր ազգային անվտանգության խնդիրն է. աշխարհը բաց է, սահմանները՝ ևս, և կան շատ բարեկեցիկ երկրներ: Մեր ժողովուրդն էլ խելացի է, նախաձեռնող, աշխատասեր և բարեկեցիկ երկրներում նա շատ արագ է իր ապագան կերտում: Եթե Հայաստանը մնաց հայերի համար ապրելու ամենաանհարմար երկիրը, սա կնշանակի, որ մենք լավ հայրենիք ու լավ ապագա չենք կերտում: Սա խնդիր է: Եթե այդ խնդիրը լուծվի, Հայաստանը փոխի իր կերպարն ու դառնա ներգաղթի երկիր, այդ դեպքում կարող ենք ասել, որ դա իսկապես հաղթանակ է, ինչը կապահովի նաև մեր գոյությունը տարածաշրջանում»,-եզրափակեց քաղաքագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում