ՀՀ ներքաղաքական թե՞ «քաոտիկ» մթնոլորտ
АналитикаՀՀ-ում ներկայումս ակտիվ քննարկումների և տարբեր բանավեճերի թեմա են դառնում, իշխանափոխության առաջին տարեդարձի հետ կապված խնդիրները, արդյունքները, բացթողումները։ Նիկոլ Փաշինյանին և նոր իշխանություններին ուղղված գլխավոր մեղադրանքներից մեկը Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումը հագնելն ու դրան հարմարվելն է։Այս թեման բավականին հետևողականորեն արծարծվում է, ու ակնհայտորեն երևում է, որ այն բավականին նյարդայնացնում է թե իշխանությանը, թե անձամբ Փաշինյանին, ով շատ դեպքերում ստիպված է լինում արձագանքել այդ հարցերին։
Այս տեսակետից ակնհայտ է, որ եթե նույնիսկ այժմ Փաշինյանը համարի, որ կարող է ուժային կառույցները հանձնել խորհրդարանական վերահսկողությանը, ապա ոչինչ չի փոխվի, քանի որ այնուամենայնիվ, ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն առանձնապես ոչ մի լուրջ վերահսկողություն չի կարող ունենալ, քանի որ վարչապետը միևնույն է, անձամբ է կառավարելու այդ համակարգերը։
Իրականում որպես կանոն, իշխանությունն ունենում է իր լուրջ քաղաքական հենարանը։Սակայն մեկ տարվա ընթացքում պրակտիկան և կյանքը ցույց տվեցին, որ ՔՊ-ն, կիսաինստիտուցիոնալ կուսակցությունից առանձնապես չզարգացավ և չդարձավ հզոր քաղաքական կառույց։Գուցե այստեղ որոշ օբյեկտիվ պատճառներ կան. նախորդ իշխանություններից տասնամյակներ պահանջվեցին, որ կարողանան ձևավորել ոչ միայն իշխող ՀՀԿ-ն, այլև նրա արբանյակ ուժերը, որոնք քողարկված կամ բացահայտ անհրաժեշտության դեպքում աջակցում էին երկրի ղեկավարին։
Հաջորդը կարևոր հենարանը սոցիալական սյուներն են՝ բիզնես խավերը, մշակութային էլիտաները, մտավորականությունը, որոնք յուրաքանչյուր իշխանության օրոք ստանում են աշխատելու, զարգանալու որոշակի պայմաններ, օգտվում են իշխանության գործունեությունից, և շատ դեպքերում պարտական են լինում իշխանությանն իրենց քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի համար և որպես այդ ամենի հետևանք ընտրությունների ժամանակ աջակցում են իշխանություններին։ Այնպիսի տպավորություն է, թե մշակութային գործիչները, մտավորականները գլուխ չեն հանում այս իշխանություններից։ Թերևս միակ խավը տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքն է, որը որոշակի հույսեր է կապում ներկա ղեկավարության հետ, քանի որ կառավարությունը գոնե խոսքով հույսը դնում է ՏՏ-ի վրա՝ բարձրագոչ խոսքեր շռայլելով այս ոլորտին ու հեռանկարներ ձևակերպելով վերջինիս հետ։
Պարզ է մի բան, որ ՀՀ բոլորիշխանություններն ամուր հենարան են ունեցել Արցախում։ Այս պահի դրությամբ ասել, որ Արցախը հիացած է ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությամբ, շատ լավատեսական կլինի, սակայն քիչ թե շատ աշխատանքային տանելի հարաբերություններ ստեղծվել են երկու հայկական հանրապետությունների միջև։
Այս պարագայում, երբ երկրի ներսում որևէ լուրջ հենարան չունի, Փաշինյանին մնում է միայն հույսը դնել ուժային կառույցների վրա։Ուստի բնական է, որ վարչապետը գոյություն ունեցող միակ այս հենարանը չի զիջի խորհրդարանին, որքան էլ ֆորմալ առումով այնտեղ մեծամասնություն լինի իր քաղաքական ուժը։ Քաղաքական այդ մեծամասնությունն այնքան խայտաբղետ է, այնտեղ առկա տարբեր խմբերն այնքան քիչ ընդհանրություններ ունեն միմյանց հետ, որ միամտություն կլինի այդ թիմին վստահել ազգային անվտանգության հարցերը։
Ամփոփելով նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում որոշակի առաջընթաց ունենալու և ոտքի վրա ամուր կանգնելու դեպքում Փաշինյանը գուցե աստիճանաբար ԱԺ-ին զիջի ուժային կառույցների վերահսկողությունը։
Անդրանիկ Հարությունյան