Հին եգիպտական գերեզմանոցում մոր եւ մանկան մումիաներ են հայտնաբերվել
Международные новостиԻտալա-եգիպտական հնագետների խմբի պեղումների արդյունքում Ասուան քաղաքի արեւմտյան ափին հայտնաբերվել է 30 մումիաներով հին գերեզմանոց՝ հայտնում է Daily Mail-ը։
Մումիաներից երկուսը մոր եւ մանկան աճյուններ են։ Գիտնականները ազգակցական կապ են ենթադրել, քանի որ նրանք միասին են փաթաթված եղել գունազարդ գործվածքի մեջ, որը նման է պապիրուսի։
Դագաղի վրա տարբեր աստվածներին ուղղված աղոթքներ են փորագրված, ինչպես նաեւ նշված է գերեզմանի «տիրոջ» անունը՝ Տիտ։
Նշվում է, որ գերեզմաններում գտնվել են նաեւ զանազան արտեֆակտներ, թռչնի արձանիկ, տարատեսակ սկահակներ, ինչպես նաեւ պատգարակներ, որոնցով, հավանաբար, մումիաները հուղարկավորության վայր են բերվել։
Ինչպես նշում է թերթը, գտածոն թվագրվում է մ․թ․ա․ մոտ 332թ․, որը Ալեքսանդր Մակեդոնացու արշավների ժամանակաշրջանն է։