Մաքրոնը հստակեցնում է ներքին օրակարգը
Международные новостиԱյս շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը մեծ մամլո ասուլիս տվեց՝ ամփոփելով համազգային դեբատները, որ անցկացվեցին ի պատասխան «դեղին ժիլետների» շարժման, և նախանշեց ապագա բարեփոխումների ուղղությունները։ Նախապես Մաքրոնը մտադիր էր ապրիլի 15-ին հեռուստաուղերձով դիմել ֆրանսիացիներին՝ համազգային դեբատներն ամփոփելու համար, սակայն Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը խախտեց նրա ծրագրերը։
Հրաժարվելով պաշտոնական ելույթից, Մաքրոնն ընտրեց շփման այլ ձևաչափ՝ մեծ մամլո ասուլիս, որն առաջին էր նրա նիրնախագահության ընթացքում։ Մեկ ժամ տևած նախախոսքում Մաքրոնն ուրվագծեց բարեփոխումների չորս հիմնական ուղղությունները, որ թելադրված են ֆրանսիացիների պահանջով, որոնց իշխանությունները լսել են երկու ամսվա համազգային դեբատներում։ Մամլո ասուլիսը տևեց երկուսուկես ժամ։ Մաքրոնը պաշտոնապես հայտարարեց, որ դեբատների ժամանակ ֆրանսիացիներն ավելի շատ խոսում էին անարդարության ու անհավասարության մասին։Նախ և առաջ սոցիալական, հարկային ու տարածքային անհավասարության մասին. նշենք, որ Ֆրանսիայի ամենաաղքատ շրջաններն իրենց զգում են կենտրոնական իշխանությունից անտեսված։
Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ մտադիր չէ փոխել իր կառավարության քաղաքականությունը և բարեփոխումները, բայց պատրաստ է նոր փոփոխությունների։ Առաջինը, նրա դիտարկմամբ, ֆրանսիական ժողովրդավարության ինստիտուտների բարեփոխումներն են: Մաքրոնի կարծիքով՝ պետք է ավելի շատ իրավասություններ տալ ՏԻՄ-երին և բարեփոխել խորհրդարանի աշխատանքը՝ կրճատել պատգամավորների թիվը և փոփոխություններ անել Ֆրանսիայի ընտրական համակարգում։
Դեբատներում ֆրանսիացիներն առաջարկում էին ընտրություններում ներմուծել պարտադիր քվեարկություն և փոխել ձայների հաշվարկման կարգը՝ հաշվի առնել բոլորին դեմ քվեաթերթիկները. ի դեպ՝ գործող օրենսգրքով այդ քվեաթերթիկները համարվում են անվավեր։ Սակայն Էմանուել Մաքրոնը հայտարարեց, որ դեմ է այդպիսի առաջարկներին:
Նախագահը մեկնաբանեց «դեղին ժիլետների» հիմնական պահանջներից մեկը՝ քաղաքացիներին հանրաքվեների նախաձեռնության իրավունք տալ։ Հիմա Ֆրանսիայում հարցերը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու իրավունք ունեն կամ պետության ղեկավարը, կամ՝ խորհրդարանի պատգամավորները՝ քաղաքացիների որոշակի թվի աջակցությամբ: Փաստենք, որ «Դեղին ժիլետներն» ուզում են, որ հանրաքվե ներնանցկացվեն քաղաքացիների պահանջով ՝ ինչպես Շվեյցարիայում է։ Մաքրոնը հայտարարեց, որ դեմ չէ ուղղակի ժողովրդավարությանը, բայց նախընտրում է, որ նման հանրաքվեներն անցկացվեն ոչ թե համազգային, այլ տեղական մակարդակում։
Բարեփոխումների երկրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսությանն ու հարկային համակարգին։ Ի պատասխան «դեղին ժիլետների» պահանջների՝ Մաքրոնը խոստացավ աշխատող ֆրանսիացիների հարկերի իջեցում, նա մտադիր է ձեռնարկություններում կրճատել որոշ հարկային արտոնություններ։ Ամսական 2000 եվրոյից քիչ ստացող թոշակառուներին նա խոստացավ կենսաթոշակի լիակատար ինդեքսավորում ինֆլյացիայի մակարդակի համապատասխան: Նշենք, որ 2019-ին կառավարությունը վճռել է թերինդեքսավորել կենսաթոշակները 1,5%-ով ինֆլյացիայի համեմատությամբ: Բացի այդ՝ նախագահը խոսեց կրթության բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ ինչպես միջին, այնպես էլ բարձրագույն, երիտասարդների համար այլընտրանքային քաղաքացիական ծառայություն սահմանելու մասին: Մաքրոնն առանձնացրեց հաշմանդամների ու հատուկ խնամքի կարիք ունեցող ծերերի իրավունքների պաշտպանության բարեփոխման նախագիծը։
Նա անդրադարձավ Ֆրանսիայի աշխարհիկության սկզբունքի պահպանման հարցին, ընդգծելով, որ պայքարելու են առանձին կրոնական կամ ազգային համայնքների փակլինելո ւդեմ, որ հրաժարվում են ամբողջությամբ ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը։ Խոսելով միգրանտների խնդիրների մասին, Մաքրոնը կոչ արեց բարեփոխել Շենգենի գոտու և այնտեղ գործող կարգերը, որ թույլ կտան ընդունել իրական փախստականների՝ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի ու խիստ վերահսկողության պայմաններում։
Անդրանիկ Հարությունյան