«Օտար երկրից ամեն բան ավելի ցավոտ և միաժամանակ ավելի հեշտ է թվում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն արդեն մի քանի տարի է՝ ընտանիքի հետ բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Հետաքրքիր էր, թե ինչպիսին են Հայաստանը և մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները օտար երկրում ապրող մեր հայրենակցի աչքերով: «Փաստի» հետ զրույցում բանաստեղծն անդրադարձավ հայաստանյան մշակութային կյանքին, նախարարության լինել-չլինելու չարչրկված թեմային: Առիթը բաց չթողեցինք հարցնելու՝ իսկ հեղափոխությունից սպասումներն արդարացա՞ն:
-Արվեստի տարբեր ճյուղերում անորակն ու անճաշակը երբեմն գերակշռում են: Ինչպե՞ս պայքարել սրա դեմ: Այս հարցում ինչպիսի՞ն պետք է լինի պետության մշակութային քաղաքականությունը:
-Անարժեք երևույթների դեմ պայքարելու միակ արդյունավետ ձևն արժեք ստեղծելն է, արդեն իսկ եղածը պահպանելը։ Պետությունը այստեղ անելիք ունի և այն էլ շատ։ Որակյալ արվեստը չի կարող մասսայական լինել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Երևանում մեքենաներից ամեն օր լսվեր Մանսուրյան: Անհնար է։ Պետությունը պետք է ունենա մշակութային անվտանգության հայեցակարգ։ Եթե օտար բանակը գրավում է որևէ երկրի մայրաքաղաք, ապա այդ երկիրը համարվում է հանձնած, իսկ երբ քաղաքդ է գրավված օտար ու ցածր մշակույթով, միթե՞ հանձնված չես...
-Արվեստի ամենատարբեր ոլորտներում ստեղծագործողները պե՞տք է ճաշակ թելադրեն:
Արվեստն այլ բան չէ, քան՝ ճաշակ ու փորձ:
-Մշակույթի նախարարության չլինելուն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Մշակույթի նախարարություն չլինելու փաստին վերաբերվում եմ նույն կերպ, ինչպես վերաբերվում էի դրա լինելու փաստին՝ ժպիտով:
- Այժմ Հայաստանում չեք բնակվում: Հաստատվել եք Լոս Անջելեսում: Ինչպիսի՞ն է մեր երկիրը և հասարակությունը դրսում բնակվող մեր հայրենակցի աչքերով:
- Դրսից ամեն բան ավելի ցավոտ է երևում և միաժամանակ ավելի հեշտ: Այստեղից ամեն բան հեշտ է քննադատել, մեղադրել, խորհուրդ տալ, ազգը փրկել, Արցախի հարցը լուծել: Ընդամենը հարկավոր է համացանցին միացված համակարգիչ։ Իսկ Հայաստանի ժողովուրդն իր մաշկի վրա է զգում ծանրությունը: Իսկապես հերոս ժողովուրդ է։
- Վստահաբար հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հեղափոխությունից ակնկալիքներն արդարացա՞ն:
-Այս հեղափոխությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, փայփայված երազ է: Սպասումս հենց սկզբից է արդարացել, սպասումս հենց հեղափոխությունն էր, մնացածը ժամանակի հարց է: Նախկին իշխանություններն իսկապես չարիք էին դարձել: Եթե ամեն բան մոռանանք, ապա միայն այն, որ ՀՀԿ-ի օրոք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ու պաշտպանության նախարար եղած անձը օտար երկրի քաղաքացի է, գուցե նաև գործակալ, սա լուսապսակ է դնում հեղափոխության ճակատին։ Փոթորիկ է եղել, ծովը դուրս է նետել ինչ ասես, կխաղաղվի, լավ է լինելու...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում