«Կապիտալի արտահանման ինտենսիվ միտումներ կան». ագրեսիվ քաղաքականության և մակրոտնտեսական տխուր ցուցանիշների մասին. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները 8,6 տոկոսով նվազել են։ Նվազում է գրանցվել թե՛ հունվար, թե՛ փետրվար և թե՛ մարտ ամիսներին: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նման ցուցանիշը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, որոնց թվում են նաև տնտեսական ու քաղաքական հանգամանքները:
«Առաջին հերթին կառանձնացնեի հանքարդյունաբերության ոլորտի պատկերի կտրուկ տարբերությունը՝ նախորդ տարվա եռամսյակի համեմատ: Այդ ոլորտի վիճակն ազդել է հանքարդյունաբերության, արտադրության և արտահանումների վրա: Երկրորդ պատճառը գյուղատնտեսությունն է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ թեև գյուղատնտեսության ոլորտում ոչ մեծ անկում է գրանցվել, բայց այդ ցուցանիշն արտահայտվել է արտահանման սեգմենտի վրա:
Ատոմ Մարգարյանը, որպես հաջորդ խնդիր, առանձնացրեց բիզնես միջավայրը:
«Բիզնեսը գտնվում է անորոշ վիճակում և տրանսֆորմացիայի փուլում: Որոշները մտածում են ոչ թե պոզիտիվ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի, այլ ակտիվների վերակառուցման և փոխանցման մասին: Այս գործընթացները շատ դեպքերում աննկատ են, բայց վստահաբար դրանք տեղի են ունենում: Մի մասը մտածում է, իսկ որոշներն արդեն ակտիվների մի մասը դուրս է բերել երկրից: Եթե նայում ենք կապիտալի հոսքերի պատկերին, հենց այդ պատկերն է երևում»,-ասաց մեր զրուցակիցը:
Տնտեսագետի խոսքով, մեծ հաշվով, վերոնշյալ ցուցանիշի հետևանքներից մեկը նաև ներդրումային ցածր ակտիվությունն է:
«Բոլոր դեպքերում սա արտաքին հատվածի պատկերն է: Հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին այս միտումը շարունակվի, բայց, այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք այս պահի դրությամբ առկա բնակլ իմայական պայմանները, ապա պատկերը գոնե գյուղատնտեսության մասով կշտկվի: Բացի այդ, պետք է հաշվի առնել տնտեսական ակտիվությունը: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ այն այդքան բարձր չէ, բայց 6,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ կա, ինչը հիմնականում ներքին գործոնների, հատկապես շինարարության և ծառայության ոլորտներով է պայմանավորված: Նշված հանգամանքով էլ պայմանավորվել է ներքին մանրածախ առևտրաշրջանառությունը»,-ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է հայտարարված տնտեսական հեղափոխությանն ու արտահանման վերոնշյալ ցուցանիշներին, Ա. Մարգարյանը նշեց. «Որպեսզի արտահանման մեջ հեղափոխություն լինի, պետք է ունենալ մրցունակ, նոր ինովացիոն պրոդուկտների արտադրություն: Այնպիսի պրոդուկտների, որոնք ունիկալ են, և դրսի շուկաները դրա կարիքն ունեն: Մեր ավանդական պրոդուկտներով, ենթադրենք՝ կոնյակով, պղնձամոլիբդենային խտանյութով, վերամշակված սննդով, տեքստիլ տրիկոտաժով տնտեսական հեղափոխություն անելը հռետորաբանություն է: Դրանք ավելացված արժեքի ցածր մասնաբաժին ունեն և ինովացիոն պրոդուկտներ չեն: Պարզապես պետք է ավելի համբերատար լինել և ավելի երկարաժամկետ ծրագրեր ունենալ: Տնտեսական հեղափոխության համար տնտեսական մոդելի արմատական և որակական փոփոխություն պետք է ունենալ: Բացի այդ, պետք է ունենալ տնտեսական աճի պարադիգմայի փոփոխություն: Ես չգիտեմ՝ ներկա իշխանությունները դրանից գաղափար ունե՞ն, թե՞ ոչ, բայց որ զարգացած երկրների փորձը դա է հուշում, անվիճելի է:
Առանձին հայտարարությունները, առանձին արձանագրումները (նաև վարչապետ Փաշինյանի կողմից) հուշում են, որ այդպիսի հատվածական ընկալում կա: Բայց համակարգված քաղաքականություն և այնպիսի գործընթացներ, համաձայն որոնց ինստիտուցիոնալ համակարգային տրանսֆորմացիա և տեխնոլոգիական արդիականացման համակարգային գործընթացներ տեղի կունենան, մենք առայժմ չենք տեսնում: Ժամանակն է ձերբազատվել «տնտեսական հեղափոխություն» և նման այլ կատեգորիաներից»: Տնտեսագետը նաև շեշտեց, որ ոչ թե նման հայտարարություններ անելու, այլ աշխատելու ժամանակն է:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ ցուցանիշները մտահոգիչ են: Հատկապես մտահոգիչ է կապիտալի արտահանման հանգամանքը: Իսկ թե գոնե այս պահի համար ինչ լուծումներ պետք է լինեն, նա նկատեց. «Պետք է ուղղակի դադարեցվի բիզնեսի և կապիտալի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունը: Կապիտալի, այսպես ասած, արտահանումը պետք է խնդիր դառնա: Մենք կապիտալի արտահանման ինտենսիվ միտումներ ենք տեսնում: Սա մտահոգիչ է»:
Տնտեսագետը նշեց, որ ներմուծման առումով ևս խնդիրներ ունենք. «Ներմուծումը ևս կրճատվել է, որովհետև մակրոտնտեսական պահանջարկն է նվազել, ներդրումային գործընթաց չկա: Մեծ հաշվով, խնդիրն այս բացասական միտումների կասեցումն է: Իհարկե, փոխհատուցման հարցեր ևս պետք է դնել, պետք է հնարավորինս բռնագանձել ապօրինի այն միջոցները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհներով՝ բյուջեի թալանի, կաշառակերության, ատկատների միջոցով: Այդուհանդերձ, այդ ամենից նորմալ ու աշխատող բիզնեսը չպետք է լուրջ ցնցումների մեջ ընկնի: Մեծ հաշվով, երբ սեփականության վերաբաշխման գործընթացներ են լինում, դրանք բերում են մակրոտնտեսական տխուր ցուցանիշների: Այդ առումով բացառություն չէ նաև արտահանումը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում