Կլինի՞ ռուս-թուրքական նոր բախում
Международные новостиՍիրական Իդլիբ քաղաքում, որի կարգավորման հարցը Թուրքիան ու Ռուսաստանը վճռել են համատեղ կարգավորել, ոչ մի կերպ առաջընթաց չի գրանցվում, դրան զուգահեռ Մոսկվայի անհամբերությունն ավելանում է։
Երկու երկրները երկար ժամանակ համակարգում են իրենց գործողությունները՝ մաքրելու Սիրիայում ահաբեկիչների ձեռքում գտնվող վերջին կարևոր շրջանը՝ Իդլիբը։ Սեպտեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվեցին Իդլիբը մաքրել ահաբեկիչներից: Բայց այդ ժամանակից չի հաջողվել որևէ նշանակալից հաջողության հասնել, ու դա ռուսական կողմի անհանգստությունն է հարուցում։ Անհանգստությունն ակնհայտ դարձավ Սիրիայում Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հայտարարությունից:
Ռուսաստանի գերակայությունների վարկանիշում Իդլիբի հարցի կշռի չափազանց մեծացումը հասկանալի է դառնում նաև Պուտինի վերջին հայտարարությունից։ Նա ասել է, որ ահաբեկիչների դեմ պայքարը Իդլիբում պետք է շարունակվի, բայց առայժմ որևէ մասշաբային հարձակում նպատակամետ չէ, պետք է ուշադրության տակ առնել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Թուրքիան մասշտաբային գործողություն չի ցանկանում, զգուշանալով մի կողմից փախստականների հոսքից դեպի թուրքական սահման, մյուս կողմից՝ տարածքում թուրք զինծառայողների կյանքը վտանգի չենթարկելու համար։ Անցյալ տարեվերջին Թուրքիան հասավ Իդլիբում գործողության կասեցմանը՝ տարածքը ահաբեկիչներից մաքրելու պայմանով։
Կարևոր է նշել, որ Ռուսաստանի ունեցած տեղեկություններով՝ Իբլիբում 40000 զինված ծայրահեղականներ կան, և ասյ փաստի վրա կտրականապես չի կարելի աչք փակել։ Միաժամանակ Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր գործադրի որոշ զինյալներին համոզելու զենքը վայր դնել ու միանալ բանակցություններին։ Իհարկե, Անկարան այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արել։ Ռուսական կողմը տեսնում է դա ու հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը։ Այնուհանդերձ, Ռուսաստանը հույս ունի, որ ավելի ակտիվ ջանքեր կգործադրվեն և իրավիճակը դեպի լավը կփոխվի։
Փաստենք հետևյալը, որ Ռուսաստանը կարող է 100 տարի էլ սպասել, բայց Թուրքիան Իդլիբը չի մաքրելու ահաբեկիչներից, որովհետև քանի նրանք այնտեղ են, այնտեղ է թուրքական զորքը, իսկ ազատագրված Իդլիբի պարագայում ծագելու է շրջանի կարգավիճակի հարցը: Բնականաբար, Մոսկվան պնդելու է, որ Իդլիբում հաստատվի Դամասկոսի իշխանությունը, իսկ Էրդողանի մտքում Սիրիայի մասնատումն , սրա մասին Պուտինը փայլուն գիտի: Բայց Էրդողանի գործերը, հավանաբար, այնքան էլ լավ չեն, որ Իդլիբի վրա չգրոհելու փաստարկ է դառնում թուրք զինվորականների կյանքին սպառնացող վտանգը:
Փաստացի՝ Անկարան դժգոհ է, որ Մոսկվան փոխհատուցում ստանում է, իսկ ինքը պիտի Իդլիբը մաքրի ահաբեկիչներից ու հանձնի Ասադին և եթե իսկապես Պուտինի համբերությունը հատնում է, ռուս-թուրքական բախումը այս հարցում անխուսափելի է։ Ճիշտ է՝ Անկարան ու Մոսկվան հնարավորինս խուսափելու են հարաբերությունները սրել՝ ելնելով առևտրական ու ռազմական համագործակցության շահերից, ԱՄՆ-ին Սիրիայից դուրս մղելու ընդհանուր նպատակից, բայց փաստ է, որ Անկարան Իդլիբի շրջանը պահում է իբրև ահաբեկչության բույն, ու դա հակասում է Մոսկվայի ու Դամասկոսի՝ պատերազմն ավարտելու շահերին: Իսկ պատերազմը շատ թանկ է նստում Ռուսաստանի բյուջեի վրա։ Մոսկվան ցանկանում է օր առաջ ավարտել Սիրիայի պատերազմն ու քաղաքական, ռազմական հաղթանակ տոնել Մերձավոր Արևելքում՝ ձեռնամուխ լինելով Սիրիայի տնտեսության վերականգնմանը։ Անկարան ցանկանում է մասնատել Սիրիան ու գոնե վերադարձնել Օսմանյան կայսրության որոշ տարածքներ։ Իդլիբի նահանգում ահաբեկիչներին պահելու և Մոսկվայի հետ պայմանավորվածությունը չկատարելու բուն պատճառը դա է։
Անդրանիկ Հարությունյան