Պատերազմի զոհված հերոս Քյարամ Սլոյանը կդառնար 23 տարեկան
АналитикаՊատերազմի հերոս Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում:
2014 թվականին նա առաջին իսկ զորակոչով մեկնել է ծառայության, որն անց է կացրել Արցախի Հանրապետությունում: 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցան Արցախի ուղղությամբ, նա և իր զինակից ընկերները սկեցին մենամարտը: Հարձակման առաջին իսկ րոպեներից սկսած նրանք պայքարեցին մինչև վերջին փամփուշտը: 4 օր տևած պատերազմի հետևանքով հայկական կողմը բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցավ: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանն ու իր զինակիցները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված մարտերի ժամանակ կարողացան երկու անգամ հետ մղել հակառակորդի գրոհը, մարտնչելով ադրբեջանական կողմի հատուկ ջոկատայինների դեմ:
Մարտի ժամանակ, սակայն, կապիտան Ուրֆանյանը անձնակազմին հրամայում է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամատարի հրամանին շարունակում են պաշտպանական մարտը: Հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառած Քյարամը վիրավորվում է, բայց փորձում է այդ վիճակում կրակային գծից դուրս բերել ծանր վիրավորում ստացած իր հրամանատարին:
Բազմաթիվ այլ վիրավորումներ ստանալուց և ադրբեջանական հատուկ ջոկատայինների հետ տևական ժամանակ մենամարտելուց հետո Քյարամ Սլոյանը դառնում է խոշտանգումների զոհ, որից հետո, ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից սպանվում է և գլխատվում: 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Առաջին աստիճանի Մարտական Խաչ չքանշանով:
Քյարամի մայրը Քյարամի մասին պատմում է. «Փոքրուց բավականին խելացի ու ճկուն տղա էր, հարգանքով էր վերաբերվում բոլորի նկատմամբ: Նա սիրված էր ոչ միայն ընտանիքում, այլև հարազատ գյուղում և դպրոցում»:
Քյարամ Սլոյանի նման հերոսների մասին պետք է իմանան բոլորը և խոնահրվեն ոչ միայն մեր հերոս տղաների շիրմաքարի առջև, այլև ընտանիքների առջև, որ կարողացել են այնպիսի երիտասարդներ դաստիարակել, ովքեր նվիրված են եղել ոչ միայն սեփական օջախին, գյուղին, այլև հայրենիքին: Հերոսները չեն մահանում: Նրանք հավերժանում են բոլորիս հոգիներում ու պատմության էջերում, ուստի նրա և հայրենիքի ազատության համար նախատակված մյուս բոլոր հերոսների հոգիները դեռ երկար կշարունակեն պաշտպանել հայրենի հողն ու սեփական տունը:
Արմինե Գրիգորյան