Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ առաջարկը ողջունելի է
ИнтервьюԱԺ-ում այսօր քննարկվում է խոշոր եղջերավոր կենդանիներից ստացվող մսամթերքն ավելացված արժեքի հարկից ազատելու հարցը: Խոսքը Հայաստանի ներսում իրացնելու նպատակով օգտագործվող մսի մասին է:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես գյուղմթերքն ազատված է ավելացված արժեքի հարկից, բայց այն մսի վաճառքի վրա չէր ազդում:
Նրա խոսքով՝ նման փոփոխություն անելու ժամանակը վաղուց էր հասունացել, և լավ է, որ ներկա իշխանությունները այդպիսի նախաձեռնությամբ են հանդես գալիս:
«Մենք ողջունում ենք նման մոտեցումը մի քանի առումներով: Նախ տեղում արտադրված միսը տեղում վաճառելու ժամանակ ԱԱՀ-ից ազատելու դեպքում մսի գինը կէժանանա, իսկ գյուղացին ստիպված չի լինի պետությանը խափել: Ու թեև գյուղացիներն այսօրվա դրությամբ մորթով վաճառք այնուամենայնիվ իրականացնում են և կարողանում են շրջանցել ավելացած արժեքի հարկը, բայց սուպերմարկետները չեն կարողանում այն շրջանցել:
Դրա հետևանքով անասնապահների, ինչպես նաև անասնապահական ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրած միսը սուպերմարկետներում վաճառելու դեպքում մրցակցություն չէր առաջանում, քանի որ մեկը հարկվում էր, իսկ մյուսը՝ ոչ: Մեր կարծիքով, եթե ԱԺ-ն այդ որոշումն ընդունի, ապա այն դրական ազդեցություն կունենա և ոչ միայն շուկայում վաճառվող մսի գինը կիջնի, այլև նպաստավոր պայմաններ կստեղծվի ոլորտի զարգացման համար»,- ասաց Հ. Բերբերյանը:
Անասնապահության ոլորտի զարգացման համար, մասնագետի կարծիքով, հարկավոր է նաև խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման ժամանակ ևս ավելացված արժեքի հարկը չկիրառել, քանի որ տեղական ցեղատեսակների բարելավում իրականացնելու խնդիր կա:
«Եվրոպական երկրներից ներմուծվող կենդանիներն ավելի նուրբ են, քան մեր տեղական կովկասյան գորշը, սակայն խաչասերման ճանապարհով կարող ենք ստանալ ավելի կայուն հիբրիդներ, որոնք կկարողանան դիմանալ մեր բնակլիմայական պայմաններին: Բայց դա պետք է գյուղացին ու ֆերմերը որոշեն, որ ցեղաստեսակն են ուզում ձեռք բերել, որը՝ ոչ: Ես կարծում եմ, որ այստեղ պետությունը որևէ գործ չունի, իսկ հարկերից ազատելը միանշանակ կխթանի անասնապահության զարգացմանը»,- ասաց Հ. Բերբերյանը:
Խոսելով սպանդանոցային մորթ իրականացնելու անհրաժեշտության մասին, նա նշեց, որ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են դրանք կառուցվել: Հասկանալի չէ, թե ինչու է, օրինակ, Կոտայքի մարզում գործում երեք սպանդանոց, իսկ Գեղարքունիքի մարզում երկու, այն դեպքում, երբ վերջինում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը երկու անգամ ավելի շատ է, քան Կոտայքի մարզում է:
«Սպանդանոցները մսի ինքնարժեքը 100-200 դրամով թեև թանկացնում են, բայց միևնույն ժամանակ քաղաքակիրթ են դարձնում մորթը: Բայցևայնպես սպառողն ավելի շուտ կնախընտրի 100-200 դրամով թանկ միս գնել, որը ստուգված է և վստահելի է: Կարծում եմ, ժամանակի ընթացքում այդ բացն էլ կշտկվի և վաճառվող միսն ավելի վստահելի որակի կլինի»,- ասաց Հ. Բերբերյանը:
Արմինե Գրիգորյան