Տարբերություններն ակնհայտ են, բայց դրանք, չգիտես ինչու, տեսանելի չեն
АналитикаԵրբ շատերը առավոտից երեկո փորձում են նմանություններ գտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին ՀՀ վարչապետ և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի միջև, նույնն է, թե փորձ արվի նմանություններ գտնելու հյուսիսի և հարավի միջև, քանի որ նրանց թե՛ անձնական որակների և թե՛ անցած ուղիների միջև սարերի ու ձորերի տարբերություններ կան:
Տարբերությունը սարերի ու ձորերի է, երբ փորձում ենք նմանություներ փնտրել ասուլիսների տևողության, հարցերի ուղղվածության և պատասխաների բովանդակության միջև: Եվ եթե Սարգսյանի դեպքում լրագրողները փորձում էին իրենց վստահված քննությունը գերազանց հանձնել, որպեսզի հանկարծ չհայտնվեն սև ցուցակներում և հետևաբար աշխատանքը կորցնելու վտանգի առջև, Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ եթե կան հարցեր, ապա դրանք չեն կարող իր համար լինել տհաճ կամ անակնկալ, ինչը ոչ միայն ողջունելի է, այլև՝ մի մեծ քայլի առաջընթաց երկրի ղեկավար-լրագրողներ շփումներում:
Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա Սարգսյանի ասուլիսների ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները շունչները պահած սպասում էին, թե լրագրողներին պատասխանելու ժամանակ Սերժ Սարգսյանը ձեռի հետ էլ ում մասով ինչ ակնարկ է անելու: Դրանից հետո Հանրապետականի ակտիվիստների, կամ, այսպես ասած, եղանակ ստեղծողների խմբով սկսում էին սերժսարգսյանական ասելիքից բխող կեցվածքով ընդգծել, որ իրենք իրենց առաջնորդի ասելիքին խորապես համաձայն էին և սահմանափակում էին իրենց շփումները տվյալ պաշտոնյայի հետ, մինչև որ իրենց համար իրականությունը պարզվեր:
Դա վերաբերում էր նաև Ս. Սարգսյանի զայրացած հայացքին արժանացածներին: Հիմա, ո՛չ իշխանական վերնախավում, ո՛չ էլ առավել ևս լրագրողների շրջանում երկրի ղեկավարի ժեստիկուլյացիայից և շնչառությունից բխող որևէ հետևանք չկա ու չի կարող լինել, քանի որ ամեն ինչ առավել քան պարզ է ու թափանցիկ, առանց ավելորդ կեցվածքների, ժեստիկուլյացիաների ու միմիկաների: Եվ զարմանալի է, որ շատերը շարունակում են հիշել ու երազել այն օրերը, թե ինչպես էին ստորացվում իրենց ենթակաները, եթե հանդգնում էին որևէ բառ ասել: Զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, որոնք գուցե կարոտել են նախկին կառավարության նիստերը, որ մեծ հաշվով բեմականացված ներկայացում էին հիշեցնում և որևէ մեկը չէր հանդգնում դեմ խոսել, կամ սեփական կարծիք հայտնել:
Այսքանից հետո ասել, որ երկրում ոչինչ չի փոխվել, առավել ևս այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած թվերի ֆոնին, կնշանակի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք դեռ մինչև օրս չեն հասկացել, թե երկրում ինչ փոփոխություն է տեղի ունեցել, և ինչ է նշանակում ժողովրդի իշխանություն:
Արմինե Գրիգորյան