Շնորհավոր եռատոն
АналитикаՄայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար սովորական օր չէ: Այն Հայաստանի ու հայ ժողովրդի համար լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է:
Մայիսի 9-ը եռատոն է հայերիս համար, քանի որ հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է միանգամից երեք տոն՝ 1945-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ տարբեր ռազմաճակատներում կռվել ու մեծ հաղթանակում իրենց մեծ ավանդն է ունեցել մոտ 600 հազար հայորդի: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Աղանով և ԽՍՀՄ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։
70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:
Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին, որի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել:
Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին`Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը:
Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին դարեր շարունակ, որն ապրում, արարում ու շարունակում է կառուցել իր պայծառ ապագան իր պապերից ժառանգություն ստացած հողում:
Արմինե Գրիգորյան