Ապօրինի հարստացման օրենքը ֆորմալ առումով կա, բայց կիրառել հնարավոր չէ
Интервью«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի կողմից հնչեցած տեղեկությանը, թե ապօրինի հարստացման և փողերի լվացման մասով ինչու թեև գործեր հարուցվում են, սակայն դատավճիռներ չեն կայացվում, նշեց, որ հիմնականում երկու խնդիր կա, որոնք իրականում խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի նման գործեր հարուցվեն:
«Առաջին խնդիրն այն է, որ երկու տարի առաջ, երբ ապօրինի հարստացումը քրեկանացվում էր, մենք ասում էինք, որ մեր օրենդրության ձևակերպումներն ու իրավակարգավորումներն այնպիսին են, որ այդ մեխանիզմները փաստացի չեն գործի: Այսինքն, ֆորմալ առումով այնպիսի մեխանիզմներ են սահմանել և ընդունել, որպեսզի Հանրապետական կուսակցությունը կարողանա ասել, որ իրենք ապօրինի հարստացումը քրեսականացրել են, բայց, փաստացի, այն կիրառել հնարավոր չլինի: Երկրորդ խնդիրը իրավապահների ունակություններն են, որոնք բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Նշված երկու խնդիրների պատճառով է, որ այսօր առերեսվում ենք այնպիսի իրողության հետ, որ թեև գործեր հարուցվում են, սակայն վճիռներ այդպես էլ չեն կայացվում: Այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է իրավակարգավորումների մեջ բազմաթիվ փոփոխություններ իրականացնել, համոզված է Իոաննիսյանը, որպեսզի մեխանիզմը սկսի գործել: Ստացվում է, որ այստեղ ևս կան բացթողումներ, ինչն ամենևին էլ պետական շահերից չի բխում:
«Այդ ոլորտում ռեֆորմներ իրականացնելու հարցում իշխանությունները բավականին դանդաղում են»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Նա նաև նշեց, որ վայրի սեփականաշնորհման հետևանքները վերացնելու համար նույնպես պետք է իրավական դաշտը վերանայել: Եվ եթե անգամ վաղեմաության ժամկետի առումով կարգավորումները փոխվեն, ապա հարկավոր կլինի նաև Սահմանադրության մեջ ևս փոփոխություններ իրականացնել: Հակառակ դեպքում այդ հարցը ևս կմնա օդում կախված: Ու թեև նա այս ոլորտի միջազգային փորձը չի ուսումնասիրել, սակայն կարծում է, որ կան ուսումնասիրություններ, որոնք կօգնեն դաշտը վերահսկելի դարձնելու համար:
«Հույս ունեմ, որ, ի վերջո, անցումային արդարարդատություն կիրականացվի, որի ընթացքում հնարավորության սահմաններում նախկինում իրականացված բոլոր անարդարությունները կվերանայվեն, և դրա շնորհիվ հնարավոր կլինի հետևանքները նվազագույնի հասցնել: Իսկ այն, որ ամեն ինչ դանդաղում է, հնարավորություն է տալիս նախկին կոռուպցիոներներին հասկանալ, թե նրանք ինչ եղանակներով կարող են իրենց ունեցվածքը հնարավոր բռնագանձումից պաշտպանել»,- ասաց Դ.Իոաննիսյանը:
Արմինե Գրիգորյան