«Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևորագույն, օրակարգային հարցեր չեն եղել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին քաղաքականության 99 տոկոսը ենթակա չի լինելու փոփոխության: Այս համոզմանն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որի հետ զրուցել ենք արտաքին քաղաքականության մի շարք ուղղությունների շուրջ առկա իրավիճակից: Վերլուծելով վերջին մեկ տարվա կտրվածքով առկա հայ-ամերիկյան հարաբերությունները՝ Ս. Սարգսյանը շեշտեց, որ օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է համեմատական եզրեր անցկացնել իշխանափոխությունից առաջ և հետո ընկած ժամանակահատվածների միջև:
«Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահների՝ ամենաբարձր մակարդակի հանդիպում վերջին անգամ եղել է 2010 թվականին: Երկրորդ բարձրաստիճան հանդիպումը եղել է 2013թ.-ին՝ այն ժամանակ վարչապետ Տ. Սարգսյանի և այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի միջև: Այդ հանդիպումից հետո բարձր մակարդակի որևէ հանդիպում չի եղել: Սա խոսում է այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարևորագույն, օրակարգային, ինչպես նաև բարձր մակարդակով լուծում պահանջող հարցեր չեն եղել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանում նույնպես հայ-ամերիկյան հարաբերություններում դրական շարժեր չեն եղել:
«Բարձր մակարդակի հանդիպումներ մինչ այս ևս չեն եղել, և այդ առումով ակտիվություն չի նկատվում: Այդուհանդերձ, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն ԱՄՆում դիտվել էր որպես հնարավորություն՝ Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համատեքստում: Բայց այսօր արդեն փաստ է, որ նման փոփոխությունները հարաբերությունների խորացման չեն բերելու: Հայաստանն ԱՄՆ-ի համար շարունակելու է ունենալ այն կարգավիճակը, ինչպիսին ունեցել է մինչ այս: Այդ առումով հիշեցնեմ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ հնչեցրած խոսքերը, ըստ որի, նա Ադրբեջանին և Վրաստանին համարեց ռազմավարական դաշնակից պետություններ, իսկ Հայաստանին՝ բարձր առաջնահերթություն ունեցող պետություն: Սա գնահատական է, որը չի փոխվել»,-ասաց քաղաքագետը:
Սուրեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերություններում այլ հանգամանք է կարևորում. «Իմ խորին համոզմամբ՝ ԱՄՆ-ն Հայաստանի համար պետք է նաև կարևոր առևտրային և բիզնես գործընկեր լինի: Եթե քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի չեն հասնում, գոնե պետք է այնպես անել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի հասնեն տնտեսական ոլորտում: Սա չափազանց կարևոր հարց է, որը մենք պարտավոր ենք լրացնել: Պետք է հաշվի առնենք նաև այն, որ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների պոտենցիալի ընդամենը մեկ տոկոսն ենք օգտագործում, խոսքը հատկապես մեր հայկական համայնքի առկայության համատեքստում է: Մեծ հաշվով, այս ուղղությամբ աշխատելու մեծ դաշտ կա»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ քաղաքագետի, դրանք շարունակում են ռազմավարական բնույթ կրել:
«Այդ բնույթը չի փոխվել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Ստանձնելով վարչապետի պաշտոնը, շատ տրամաբանական էր նաև Ն. Փաշինյանի այն մոտեցումը, որ թե՛ հայ-ռուսական, թե՛ ընդհանրապես արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություններ չպետք է լինեն: Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են, և այստեղ ոչինչ չի փոխվել՝ որևէ սպառնալիք այդ հարաբերություններում չկա: Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ մեր պետական համակարգում կան գործիչներ, որոնց ռուսական իշխանությունները չեն վստահում, ինչի մասին տարբեր խողովակներով, այդ թվում՝ ռուսական մամուլով բացեիբաց ասում են: Վստահ եմ՝ դա փոխանցվել է վարչապետին, որ նա նույնպես իմանա, որ ռուսական իշխանությունների մոտ որոշ գործիչների նկատմամբ հստակ անվստահության մթնոլորտ կա: Սա, իհարկե, ուղղելի խնդիր է և հնարավոր է կարգավորել: Կարծում եմ՝ կարգավորվելու է»,-նշեց նա:
Սուրեն Սարգսյանը շեշտեց՝ ընդհանուր առմամբ, չի կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է. «Հայաստանը հայտարարել է, որ մնացել է իր քաղաքական կողմնորոշման մեջ, որևէ փոփոխություն չի լինելու, իսկ այն ուղենիշները, որոնք հռչակվել են ՀՀ-ի կողմից, չեն փոփոխվելու»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում