«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում խախտումներ չկան
АналитикаՄինչև Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները, արդեն իսկ պարզ էր, որ Երևանում օր-օրի մեծացող աղբակույտերի հարցը կազմակերպված սաբոտաժի հետևանք է: Հակառակ դեպքում աղբահանությամբ զբաղվող միակ օպերատորի բոլոր մեքենաները միանգամից չէին փչանա:
Եվ եթե անցյալ տարի ամռանը անվերջ աճող աղբակույտերից բողոքողներն անհասցե էին մեղադրանքները հնչեցնում, քանի որ մայրաքաղաքը փաստացի քաղաքապետ չուներ, ապա հետագայում բողոքի սլաքն ուղղեցին դեպի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ու սկսվեց անազնիվ մի խաղ, որի վերջը կարծես եկել է: Թե ինչու հանկարծ մայրաքաղաքի աղբահանության միակ օպերատորը սկսեց ֆիզիկապես չհասցնել պարտականությունները կատարել, մեկ այլ խոսակցության թեմա է:
Ինչ վերաբերում է նրանից կախվածությունը թուլացնելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, քաղաքապետարանը որոշեց սեփական սանմաքրման կայանը ձևավորել, այն զինել քաղաքապետարանին պատկանող մեքենաներով: Սակայն, կարծես, որոշ օղակների այս որոշումն այնքան էլ դուր չեկավ, և սկսվեց անիմաստ մի բանավեճ, որի ավարտին դեռ երկար պետք է սպասենք:
Հիշեցնենք՝ քաղաքապետարանն առաջարկել էր աղբատար ավտոմեքենաներ ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը, սակայն, դարձավ վեճի առարկա և դանդաղեցրեց գործընթացը: Ի վերջո, կառավարության որոշմամբ, թույլատրվեց կատարել մեկ անձից գնում, իսկ այսօր արդեն Երևանի դատախազությունից տեղեկացրեցին, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի փաստաթղթերն ուսումնասիրել են և պարզել, որ գնման գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք իրականացնելու որևէ փաստ չկա:
Այսինքն` կարող ենք արձանագրել, որ ի սկզբանե գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների փնտրտուքն ու կոռուպցիոն ռիսկերի մասին ենթադրությունները սին էին, իսկ սկսված բանավեճը՝ արհեստածին: Մի կողմ թողնելով «Լույս» խմբակցության կողմից մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելու այդքան մեծ ցանկությունը, հուսանք, որ դատախազության եզրակացությունը իր հրապարակած եզրակացությամբ կփարատի նրանց և մյուսների բոլոր կասկածները:
Իսկ նրանք, ովքեր ամեն առիթով փորձում են մայրաքաղաքի ղեկավարության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել, գուցե կհասկանան, որ ավելի կարևոր է առօրյա խնդրին ողջամիտ լուծում տալ, քան մատի ու մատանու արաքնում սեփական դիվիդենտներ շահելու փորձեր անել, ինչը ուղղակի կամ անուղղակի հավասարազոր է սաբոտաժի կազմակերպիչների ջրաղացին ջուր լցնելուն:
Բացի այդ, հարկ է հիշել, որ եթե ըննդիմադիր կեցվածք ընդունած քաղաքական ուժի ներկայացուցիչները որևէ բանով չեն կարողանում գործին օգնել, ապա ավելի օգնած կլինեն գործին, եթե մայրաքաղաքի շահերից բխող քայլեր ձեռնարկեն, ոչ թե ամեն առիթով մեկ բաժակ ջրում փոթորիկ սանքեն:
Արմինե Գրիգորյան