ՀՀ տնտեսության լույսն ու ստվերը
АналитикаԿառավարության վերջին նիստում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տարբեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչեցին: Վարչապետն ամփոփեց իր արդեն ավանդական դարձող սպառնալիքներով, ըստ որի՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում: Իսկ այդ ընթացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում էին, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում։
Պետք է փաստենք, որ օրենքի փոփոխությունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որ կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել: Այսինքն՝ բնական տեստ, որ երևան է բերում ակնհայտ գողությունը: Այս դեպքում ինչու՞ է դա արվում գնորդի հաշվին, և կարևորը՝ ի՞նչ է հետո լինելու: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չե՞ն դիմանալու մրցակցությանն ու դուրս են մնալու շուկայից: Այսինքն՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղից գնի՞: Ու միանգամից հարց առաջանում, թե ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա:
Ստացվում է, ինչ՝ ճի՞շտեն վարորդները, որ բողոքում են ու հայտարարում՝ օրենսդրական փոփոխության կարիք չկար,թե՞ այնուանեմնայնիվ կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխություններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել: Ուզում էին պատժել՝ գազալցակայանների՞ն, թե՞ վարորդներին, բայց միանշանակ ստացվեց՝ վարորդներին:
Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում իր գնահատականով՝ մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերիում եթոդների ընտրությունը կարող էս տեղծել իրավիճակ, որ տնտեսության առանցքային ոլորտներին պարբերաբար ուղղվող սպառնալիքները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգավոր է՝ հասարակությունը համոզվի, որ իշխանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում:
Հարց է առաջանում՝ արդյունքը շատ ավելի մեծ կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարավորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդման մեղադրանքի:
Վարչապետի սպառնալիքները բացի իրավական հետևանքներից ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը, ի դեպ ոչ միայն ներսում, այլև՝ դրսից:
Ակնհայտ է, որ միայն օրինական ընտրություններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդ օրինակ ընտրությունները նորմա են: Հայտարարել համակարգային կոռուպցիայի վերացումը դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել, քանի դեռ կան կոռուպցիայի պատճառները: Եվ այդ բոլոր իրողությունների համախումբը ներդրումային բումի ինստիտուցիոնալ մթնոլորտ չի դառնում: Որևէ օտարերկրացի չի կարող վստահ լինել, որ Հայաստանում իր կապիտալը չի կորցնի: Փողը վստահություն է սիրում ու ժամանակ է ուզում: Երբ չկա վստահություն, էնտուզիազմը չի կարող փոխարինել ինստիտուտների աշխատանքին, որ մարմնավորում է մեկ մարդ: Առավել ևս, որ տնտեսական հստակ քաղաքականություն չկա: Արտաքին ներդրողների համար կարևորը վարչապետի կոչերը չեն, այլ՝վարած քաղաքականությունը: Իսկ այդ քաղաքականությունը պոպուլիստական է, ցաքուցրիվ ու իմպուլսիվ:
Ի վերջո՝ ինչ-որ պահից պետք է դադարեցնել հեղափոխություն-հակահեղափոխություն խաղը: Հենց այդ պահը վկայելու է, որ իշխանությունն իրեն բավարար ուժեղ է զգում ու այլևս կարիք չունի իր թուլությունն ու ձախողումները «հակահեղափոխությամբ» մեկնաբանելու: Նոր իշխանությունները հրաժարվեցին միանգամից սեփականության վերաբաշխման ու սեփականազրկման սովորական «հետհեղափոխական» գործընթացից: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկից բիզնես չի խլվելու, բայց իրադարձությունների տրամաբանությունը բոլորովին այլ տեղ է տանում՝ նույնիսկ հակառակ Նիկոլ Փաշինյանի ցանկության:
Անդրանիկ Հարությունյան