Նոր բարիկադներ՝ չքանդված հների կողքին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում անցած տարվա հեղափոխական զարգացումները խաղաղ ընթացք ունեցան՝ արժանանալով մեր հասարակության ու միջազգային հանրության դրվատանքին։ Իհարկե, իրերի նման ընթացքը պայմանավորված էր իշխանության ու հեղափոխության առաջնորդների քաղաքական կամքով, նրանց հասունությամբ։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեին զարգացումները, եթե իշխանությունը կրակեր կամ Փաշինյանը պետական շենքերը գրավելու ցուցում տար։ Սակայն ամենակարևորն այն է, որ քաղաքական հակադիր բևեռները մնացին լեգալության սահմաններում, ինչն ապահովեց իշխանության միանգամայն լեգիտիմ փոխանցում։ Փաշինյանը սկզբունքորեն հրաժարվեց հրապարակում վարչապետ հռչակվելու գայթակղությունից, իսկ խորհրդարանական մեծամասնությունը ֆորմալիզացրեց փողոցները հեղեղած մարդկանց քաղաքական ցանկությունները։
Նման իրավիճակում թվում էր՝ բոլոր նախադրյալները կային, որպեսզի հեղափոխոթյան հաղթանակից հետո կյանքի կոչվեին սիրո ու համերաշխության գաղափարները, մանավանդ, որ Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքում։
Սակայն իրադարձությունները զարգանում են այլ տրամաբանությամբ, ու այսօր սիրո և համերաշխության կարգախոսներով իշխանության եկած թիմը դարձել է անտագոնիստական տրամադրությունների կրող։ Երկար կարող ենք թվարկել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին։
Մի կողմից՝ դրան նպաստել է մեր քաղաքական մշակույթը, որտեղ իշխանությունը նույնանում է ռեպրեսիվ համակարգի, հարկադրանքի միջոցների հետ ու, ըստ էության, դա է նրա ինքնադրսևորման ճանապարհը։ Այս գործոնն, անշուշտ, առկա է, մանավանդ, որ անցած մեկ տարում երկրում, ըստ էության, չեն իրականացվել համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Մյուս կողմից՝ անցած մեկ տարվա փորձը վկայում է, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, չունի կրեատիվ ռեսուրս, ռացիոնալ ծրագրեր, ինչը ստիպում է հասարակությանը կոնսոլիդացնել նախկինների դեմ ամենօրյա «պատերազմի» գործոնով։
Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարությունը ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները լակմուսի թղթի պես բացահայտում են մեր իրականությունը։ Հայաստանում տիրում է բազմաբևեռ ատելություն, երբ բոլորն ատում են բոլորին՝ միմյանց մեջ փնտրելով թշնամու, որի հետ այրված են համաձայնության բոլոր կամուրջները։
Սիրո ու համերաշխության հեղափոխությունը ծնել է ատելության ու չարության միջավայր, որտեղ հետևողականորեն ոչնչացվում են բանականության ձայնն ու ռացիոնալ մտածողությունը։ Թվում էր՝ հեղափոխությունը կհրաժարվի չարությունից, անձնավորվածությունից, թշնամանքից, կգնա համերաշխության ճանապարհով, օբյեկտիվության ճանապարհով, սակայն հիմա չափազանց մեծ է վտանգը, որ հակասություններն ու թշնամանքը լինելու են դոմինանտ՝ դառնալով նոր բարիկադների ու հակամարտությունների պատճառ։ Այնինչ, իմունիտետի այդքան ռեսուրս հաստատ չունենք: Սթափվե՛ք, տղե՛րք, պարզապես սթափվե՛ք..
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում