Ինչքա՞ն սպասի ժողովուրդը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեղափոխական էյֆորիան նահանջել է, ու մեր հասարակությունն աստիճանաբար ավելի կշռադատված հայացքով է նայում անցյալ տարվա իրադարձություններին ու փորձում է իրական կյանքում նշմարել դրանց հետևանքները։ Մինչ երկրի իշխանությունն առաջին դեմքի մակարդակով միջազգային գրեթե բոլոր հարթակներում զբաղված է հեղափոխության բրենդի քարոզչությամբ, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ։
Հեղափոխությունը ոչ թե գեղեցիկ կարգախոսների համախումբ է, այլ քաղաքական, հասարակական ակտ, որին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ, քաղաքականություն՝ միտված հասարակ մարդու բարեկեցության ապահովմանը։ Մեր հասարակությունը չափազանց համբերատար է ու անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վերահաստատեց իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանի թիմին ու հեղափոխության օրակարգին։ Ասվում էր՝ տնտեսության զարգացմանը խանգարում է հին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում հանրապետականները։ Իհարկե, այս պնդումը որևէ կոնկրետ փաստով չէր ամրագրվում, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չի մերժել Փաշինյանի կառավարության որևէ նախաձեռնություն, որը միտված կլիներ տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսմանը։ Այնուամենայնիվ, հասարակությունն ընդունեց Փաշինյանի օրակարգը, ու դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, թեև դրանց անցկացման ժամկետը խիստ վիճահարույց էր, որովհետև ակնհայտ էր, որ հեղափոխական էյֆորիայի պիկին անկարելի է անցկացնել մրցակցային ընտրություններ՝ բովանդակային իմաստով։ Արդյունքում՝ ունեցանք խորհրդարան, որտեղ Փաշինյանի կողմնակիցներն ունեն սահմանադրական մեծամասնություն, սակայն ԱԺ-ն իր քաղաքական որակի հետևանքով այդպես էլ չվերգտավ իր քաղաքականինստիտուցիոնալ կշիռը, իսկ ներդրումային մարկարդակը մնում է նախկին՝ մինչհեղափոխական տարիների մակարդակին։ Ավելին, դեռ մի բան էլ նվազել է:
Հետո տնտեսության զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը սկսեց «խանգարել» կառավարության կառուցվածքը, ինչը ևս փոխվեց Նիկոլ Փաշինյանի ճաշակով։ Դարձյալ անտեսվեցին ընդդիմության ու քաղաքացիական տարբեր խմբերի դիտողությունները, թեև ակնհայտ է, որ կառավարության նոր կառուցվածքը բացարձակապես չի լուծում արդյունավետ կառավարման խնդիրը, փոխարենն ուժեղացնում է վարչապետի անձնակենտրոն իշխանությունը ու մեծացնում է գործազուրկների թիվը։
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի թիմն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է հասարակության լիարժեք քարտ-բլանշը, ու հիմա եկել է կոնկրետ արդյունքներ ցույց տալու ժամանակը։ Դրանք, ցավոք, չկան, ու եթե տնտեսական հեղափոխությունն ուշանա, ապա քաղաքական հեղափոխությունը կանգնելու է արժեզրկման վտանգի առջև։ Մեր հասարակության 70 տոկոսն ապրում է աղքատության շեմին, իսկ այդպիսի հասարակությունները, մեծ հաշվով, չեն կարող դեմոկրատական լինել, ու եթե մարդկանց բարեկեցության մակարդակը չբարձրանա, ժամանակի ընթացքում չեղարկվելու են հեղափոխության բերած քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումը, համակարգային կոռուպցիայի վերացումը, ԶԼՄների ազատությունը և այլն։
Մյուս կողմից՝ հազիվ օրվա հացը վաստակող կամ նույնիսկ դրա կարոտ հասարակության համար, մեծ հաշվով, այնքան էլ էական չէ, թե ովքեր են իշխանության ղեկին, եթե ինքը նախկինի պես ապրելու է աղքատ ու չարքաշ կյանքով։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաճախ հպարտանում են, թե թաթախված չեն կոռուպցիայի մեջ։ Հրաշալի է, սակայն պետության ու հասարակության համար պակաս վտանգավոր չէ իշխանության ու նրա կադրերի դիլետանտիզմը։ Անորակ կառավարումը միշտ ծնում է սոցիալական բևեռացում ու արմատական տրամադրություններ, որոնք բացարձակապես լավ բան չեն խոստանում հեռանկարի առումով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում