Դպրոց ընդունվելու անհասկանալի մեթոդը խախտում է երեխայի իրավունքները
АналитикаԵթե մեկ երեխայի համար 30 IP-ից փորձել են գրանցում իրականացնել, արդեն իսկ վատ է, քանի որ այս ամենը խոսում է այն մասին, որ նախապես պլանավորված է եղել, թե որ երեխայի համար ով ինչ պետք է անի:
Այն, որ ժամը 09:00-ից մինչև 09:15-ն ընկած ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ և միաժամանակ է եղել, որի արդյունքում համակարգը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է, նորից խոսում է ստվերային պայմանավորվածությունների մասին:
Հիմա հարց՝ ինչպես է պատահել, որ նույն դպրոցի համար մեկ մարդը 124 տեղն ամբողջությամբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել: Սա ևս սովորական մադկանց համար հասկանալի չէ, բայց որ երեխաներին իրենց նախընտրած դպրոցում գրանելը այս համակարգը մի մեծ մենամարտի է վերածել` միանշանակ է:
Եվ այս պայմաններում ասել, որ ամեն ինչ կարգին է, քանի որ 70-80 %-ը հասցրել է գրանցել իրենց երեխաներին՝ աբսուրդ է: Հասկանալի չէ նաև, թե ինչո՞ւ է, օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է հասել նախարարություն,ա յն դեպքում, երբ որոշ դպրոցներում 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել:
Ստացվում է, որ ծնողները հիմա էլ ստիպված պետք է նոր հնարքներ մտածեն, որպեսզի կարողանան երեխային իրենց նախընտրած դպրոցում գրանցեն, ու թե այդ հնարքների մեջ ո՞վ ի՞նչ դերակատարում պետք է ունենա, դեռևս պարզ չէ:
Ամեն դեպքում արձանագրենք, որ երեխաներին, ինչպես մանկապարտեզ, այնպես էլ դպրոց ընդունելը դարձել է մի մեծ խնդիր, որի տակից առայժմ ԿԳ նախարարությունը չի կարողանում դուրս գալ: Մյուս կողմից, եթե քաղաքի ծայրամասերի դպրոցներում դեռ ազատ տեղեր կան, ապա կետնրոնում բնակվող երեխաներն ինչո՞ւ պետք է զրկվեն իրենց բնակավայրին մոտ գտնվող դպրոց հաճախելու իրավունքից, ու ստիպված լինեն օրվա մեջ մի քանի ժամ ծախսել քաղաքի մի ծայրից մյուսը գնալու և կրթություն ստանալու համար:
Սա խոսում է օրենքով սահմանված՝ կրթության իրավունքի հասանելիության բացակայության մասին, քանի որ, փաստորեն, խախտվում է տարածքում բնակվող երեխաների իրավունքը և իրենց թաղամասի դպրոց հաճախելու առաջնահերթության սկզբունքը: Ու եթե նման հախուռն պայմաններում կազմակերպած ընդունելությունը ԿԳ նախարարության պատասխանատուները նորմալ են համարում, ապա, մեղմ ասած, նոր մտահոգություններ ունենք, որով պետք է ավելի լուրջ զբաղվել:
Արմինե Գրիգորյան