Orer.am-ի բացառիկ հարցազրույցը գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորի հետ
ИнтервьюՄայիսի 16-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա մեծ ճանաչում վայելող, ամենահետաքրքիր ու հեռանկարային գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը։ Համերգի ժամանակ դաշնակահարուհին կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, իսկ նվագախումբը կկատարի Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2 սիմֆոնիան։
Նշենք նաև, որ Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է հանդես գալիս հայ հանդիսատեսի առջև, քանի որ իր համար հայաստանյան համերգները հետաքրքիր են անցնում և հետագայում ջերմ հուշեր արթնացնում: Orer.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Վ. Բաբորի հետ:
- Հարգելի Վալենտինա Բաբոր, առաջին անգամ չէ, որ ելույթ եք ունենալու հայ հանդիսատեսի առջև, խնդրում եմ ասեք, ինչ առաձնահատկություն ունի հայ հանդիսատեսը, թե՞ անկախ ազգությունից դասական երաժշտության սիրահարները գրեթե նույն վարքագիծն ու ապրումներն ունեն և նույն չափով են իրենց ջերմությունը հաղորդում երաժիշտներին:
- Բոլոր երկրներում հանդիսատեսը տարբեր է: Իմ հայրենի Գերմանիայում ունկնդիրների մեծ մասը, հատկապես ավագ սերունդը, բավական զուսպ է: Երիտասարդները ավելի ազատ են մտածում, կարծում եմ: Լավ հիշողություններ ունեմ Սերբիայում և Մեքսիկայում ունեցած ելույթներից: Հանդիսատեսը շատ ոգևորված էր: Հատկապես Բելգրադում: Այնտեղ կամերային երաժշտության համերգ եմ ունեցել, և հանդիսատեսը ջութակահարին և ինձ ողջունեց այնպես, ինչպես կոգևորեր ֆուտբոլային մարզադաշտում, նույնիսկ մինչև մենք սկսեցինք նվագել ... տպավորիչ էր: 2014-ին և 2016-ին ելույթ եմ ունեցել ձեր քաղաքում և շատ լավ հիշողություններ ունեմ դրա հետ կապված: Մարդիկ շատ ջերմ, սիրալիր և բացսիրտ են: Ինձ համար հաճելի է լինել Հայաստանում:
- Դաշնամուրը Ձե՞ր ընտրած երաժշտական գործիքն է, թե ծնողների օգնությամբ եք հենց այս երաժշտական գործիքն ընտրել: Ինչպե՞ս որոշեցիք դաշնակահարուհի դառնալ:
- Դա իմ սեփական նախաձեռնությունն էր: Մայրս բալետի պարուհի է, փորձել է ինձ հետաքրքրել բալետով, բայց ավելի շատ ուզում էի ինչ-որ գործիք նվագել: Երբ 4 տարեկան էի, սկսեցի ջութակ նվագել, բայց երբ դարձա 6 տարեկան, ասացի ծնողներիս. «Ես դաշնակահար և դիրիժոր եմ դառնալու»: Առաջին նպատակը կատարվել է:
- Մասնագետների կարծիքով Դուք համարվում եք հեռանկարային դաշնակահաուհի: Ձեր կարծիքով ո՞րն է այն սահմանը, որից հետո կարելի է բոլոր բարձունքները նվաճած համարել: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դաշնակահարներին, ինչպես հասնել հաջողության, կամ ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Երաժշտությունը մեր հոգու հայելին է, մեր էության արտացոլումը: Ճշմարիտ արվեստագետ լինելը սովորելու, զարգանալու, բարձրանալու և ընկնելու անընդմեջ գործընթացն է: Բայց եթե դուք իրոք հավատարիմ եք ձեր կոչմանը, միշտ ուժ կգտնեք կրկին բարձրանալու համար:
- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքից:
- Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հիանալի հնչողություն ունեն: Շոպենի ստեղծագործության կատարման ժամանակ կարողանում են իսկապես լսել, հետևել և զգալ իմ բոլոր տեմպո ռուբատոները: Դիրիժորների և նվագախմբերի մեծ մասը, որոնց հետ նվագել եմ, դժվարանում էին դա անել:
Արմինե Գրիգորյան