Ավելի հեշտ է բարձր որակով հետազոտություն իրականացնելը, քան կեղծիքների ճանապարհով գնալը
ИнтервьюՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը գործում է դաշտից մինչև պատառաքաղ սկզբունքով և իրականացնում բոլոր այն լաբորատոր հետազոտությունները, որոնց միջոցով հնարավոր է լինում հայտաբերել բուսերի վնասատուներին, թունաքիմիկատների մեջ ակտիվ նյութերը և սննդամթերքի որակական ցուցանիշները:
Անասնաբուժական լաբորատորիան միակն է հանրապետությունում, որտեղ իրականացվում է կենդանիների վարակիչ, ոչ վարակիչ և պարազիտար հիվանդությունների հետազոտություն, ինչպես նաև ախտորոշման վերջնական հաստատում: Ծառայությունում գործում է նաև սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, որտեղ հետազոտություններն իրականացվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և մեթոդների համապատասխան:
Ի դեպ, բոլոր լաբորատորիաները հավատամագրված են Ազգային հավատարմագրման մարմնում, ինչպես նաև ընդգրկված են ԵԱՏՄ միասնական ռեեստրում:
«Հատկանշական է, որ այս կառույցը սննդամթերքի ոլորտի ստուգման միակ հավատարմագրված լոբորատորիան է, որն ունի նաև միջազգայն ISO 17025 ձևաչափի հավատարմագիր: Մեզ կարող են դիմել ինչպես պետական մարմիններն, այնպես էլ մասնավոր ընկերությունները և անհատները: Ինչ վերաբերում է պետական մարմնի հանդեպ անվստահությանը, ապա պետք է ասեմ, որ տևական ժամանակ է նման մոտեցում չկան և չեն էլ կարող լինել: Կարևոր է ընդգծել նաև, որ նույնիսկ պետական մարմինների կողմից լաբորատորիա ներկայացված բոլոր նմուշները դիմազրկված և կոդավորված են ընդունվում: Այնպես որ, մենք չենք իմանում, թե ինչ գործառույթի շրջանակներում է պատվիրատու կազմակերպությունը լաբորատոր ստուգում պատվիրում, ուստի որևէ խնդիր չի կարող լինել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը:
Կենտրոնը բացի ԵԱՏՄ հավաստագրից ունի նաև միջազգային հավաստագիր ևս, որը ստացել է հետազոտությունների որակի վերահսկման բավականին բարձր ցուցանիշներ ապահովելու շնորհիվ: Ի դեպ, թյուր են այն կարծիքները, որ եթե կառույցը պետական է, ապա կարող է անբարեխիղճ ծառայություն մատուցել, քանի որ կենտոնը գտնվում է մի քանի ուղղություններով վերահսկողություն իրականացնող պետական կառույցների ուշադրության ներքո:
«Բացի ամենօրյա վերահսկողությունից, որն իրականացնում է մեր վերադաս մարմինը, կենտրոնը գտնվում է նաև հարկային կառույցի, Հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: Ի դեպ, վերահսկվում են նաև ախտորոշիչների ձեռք բերման և ծախսի արձանագրությունները: Այսինքն՝ բազմաթիվ ուղղություններով և բավականին լուրջ վերահսկողության է ենթարկվում կառույցը: Ուստի, ավելի հեշտ և ճիշտ է բարձր որակով հետազոտություն իրականացնելը, քան կեղծիքների և խարդախությունների ճանապարհով գնալը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Կառույցի ղեկավարի խոսքով՝ կարևոր է նաև, որ անհատ ձեռնարկատերերն ու տնտեսվարողները չանտեսեն սեփական արտադրանքի որակը վերահսկելու կարևորագույն հարցը, քանի որ նման դեպքերում տնտեսվարողներն ավելի պաշտպանված են լինում և զերծ են մնում որոշակի շեղումներով սննդամթերք արտադրելու վտանգներից:
«Մեծ գործարաններն ավելի շատ վնաս են կրում, երբ ստուգում չեն իրականացնում: Օրինակ, եթե օրական մթերում են 10 տոննա կաթ, կամ որոշակի քանակությամբ միս, ապա կարող է այնպես պատահել, որ կաթի ենթադրենք 200 լիտրի, կամ մսի մի քանի կիլոգրամի պատճառով հետագայում արտադրված ապրանքի ողջ խմբաքանակը խոտանվի:
Ուստի ավելի արդյունավետ կլինի, եթե տնտեսվարողները մթերման ժամանակ վերահսկողություն իրականացնեն և կարողանան կայուն պահել բարձրորակ և բարեխիղճ արտադրանք շուկա հանելու հնարավորությունը: Բարեխիղճ արտադրողի անուն վաստակելն ու այն պահպանելն ամենակարևոր հարցն է, իսկ դրա համար, իմ կարծիքով, կարելի է մի փոքր գումար ծախսել և պահպանել սեփական արտադրանքի որակն ու ընկերության հեղինակությունը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Արմինե Գրիգորյան