ԱՄՆ-ն Իրանի հանդեպ նոր տակտիկա է կիրառում
Международные новостиԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և մի քանի մարտանավեր՝ Իրանի հետ սրվող հարաբերությունների պայմաններում: «Աբրահամ Լինկոլն» ավիակրի մարտական խմբին, որ արդեն անցել է Սուեզի ջրանցքը, կմիանա դեսանտային «Առլինգտոն» նավը:
Պենտագոնը տեղեկացրել է, որ Քաթարի ԱՄՆ ռազմաբազա են ուղարկվել Б-52 կործանիչներ: Այդ քայլերը Պենտագոնը կապում է Իրանի հնարավոր գործողությունների հետ՝ տարածաշրջանում ԱՄՆ ուժերի դեմ: Պենտագոնում չեն ճշտել՝ հատկապես ի՞նչ գործողություններից են զգուշանում: Թեհրանում այդ հայտարարություններն անվանում են անհեթեթություն և «հոգեբանական պատերազմ»՝ Իրանին վախեցնելու նպատակով:
Պենտագոնի հայտարարությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի, բայց «պատրաստ է պաշտպանել ԱՄՆ ուժերին ու շահերը տարածաշրջանում»: Տեղեկությունների համաձայն՝ «Առլինգտոնի» տարածաշրջան ուղարկելը վաղուց էր ծրագրված, հիմա ավելի վաղ մեկնեց: Նավը զորքերի կառավարման լրացուցիչ հնարավորություններ է տալիս:
Անցած կիրակի Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ բոլոր մանևրները կոչված են «հստակ և անսխալ ազդանշան հղել» Իրանի վարչակարգին, որ ԱՄՆ-ի շահերի դեմ ցանկացած ոտնձգություն տարածաշրջանում «կհանդիպի անխուսափելի ուժային հակահարվածի»: Սկզբունքորեն ԱՄՆ նավերի Պարսից ծոց արշավի մեջ, ներառյալ ավիրակիրները, արտասով որոչինչ չկա, բայց նրանց ներկայությունը մեծացնում է հավանականությունը, որ ռազմական բախումը կարող է բռնկվել նույնիսկ պատահականորեն:
Մեկ տարի առաջ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որ կնքել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը: Պատժամիջոցների թուլացման դիմաց համաձայնագիրը նախատեսում էր ուրանի հարստացման Իրանի ծրագրի կրճատում և միջազգային տեսուչների մուտք երկիր: Դուրս գալով համաձայնագրից՝ ԱՄՆ-ը վերականգնեց պատժամիջոցները, որ խիստ դժվարացնում են Իրանի ցանկացած արտաքին առևտրական գործարք, իսկ ապրիլին պատժամիջոցները տարածեցին նաև Իրանի նավթի Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա ու Թուրքիա մատակարարումների վրա, թե պետ նախկինում բացառություն էր արվել: Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը, որ պատասխանատու է նաև միջուկային զենքի, բալիստիկ հրթիռների ու այլ երկրներում զինված միջամտության համար՝ ինչպես Սիրիան: Վաշինգտոնն ակնարկում է, որ ցանկանում է Իրանին պարտադրել նոր երկկողմ գործարք՝ ներառյալ ոչ միայն միջուկային գործունեությունը, այլև հրթիռային ծրագիրն ու արտասահմանում ինտերվենցիան: Պատժամիջոցները ցավոտ հարված են հասցրել Իրանի տնտեսությանը, անկում է գրանցել ազգային տարադրամը, վախեցրել արտասահմանցի ներդրողներին: Ի պատասխան Իրանը սպառնում է փակել Պարսից ծոցն օվկիանոսին միացնող Օրմուզի նեղուցը: Ի դեպ փաստենք, որ հենց այդ նեղուցով է անցնում աշխարհում օգտագործվող նավթի մեկ հինգերորդը: Այս շաբաթ Թեհրանը հայտարարեց, որ կասեցնում է 2015-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը և մտադիր է 60 օրում վերականգնել ուրանի հարստացման ծրագիրը:
Անդրանիկ Հարությունյան