Անահիտ Բախշյան. «Ակնկալիքը, թե մի էլեկտրոնային հայտագրումով խնդիրները կլուծվեն, սին է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Բազմաթիվ ծնողներ օրերս իրենց դժգոհությունն էին հայտնել ԿԳՆ գործարկած` առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգի շուրջ: Կան դպրոցներ, որտեղ գրանցման տեղերը լրացվել են, և շատերը ստիպված են երեխաներին այլ համայնքներում գտնվող դպրոցներ տանել:
«Իհարկե, լավ է, որ նման համակարգ է ներդրվել, այն անհրաժեշտ էր, բայց այն չի լուծում բոլոր այն խնդիրները, որոնք ցանկացել են լուծել այս քայլով: Կարելի է ասել՝ համակարգի ներդրումը անհրաժեշտ էր, բայց բավարար չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը
Նրա խոսքով, առաջացած դժգոհություններն ավելի խորքային պատճառներ ունեն. «Այստեղ առկա է պատճառահետևանքային կապը: Հարցն այն է, որ խնդիրների մի մեծ շղթայի մեջ այս համակարգը մի փոքրիկ հարց է լուծում ընդամենը: Հարցը շատ ավելի գլոբալ լուծում է պահանջում: Լուծումը կլինի այն ժամանակ, երբ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում ամրագրենք, որ ծնողները կարող են միայն իրենց հաշվառման վայրում, իրենց թաղամասի դպրոց տանել երեխաներին: Սա շատ կարևոր է, ինչի արդյունքում կվերանան այն բոլոր հետևանքները, որոնք խնդիր են առաջացնում: Հիմա ծնողն ընտրում է դպրոցը՝ անկախ բնակության վայրից: Ապրում է Նոր Նորքում, բայց ընտրում Կենտրոնի որևէ դպրոց, որը մոտ է իր աշխատանքի վայրին կամ հեղինակություն ունի: Օրենքն իրեն այդ առումով չի խանգարում: Այս կարգը, փաստորեն, փորձում է կարգավորել աշակերտների խտությունը դպրոցում, բայց այդ կարգով սահմանափակվում է այն ծնողների իրավունքը, որոնք օրենքով իրավունք ունեն դպրոց ընտրել: Ստացվում է՝ օրենքը մի կողմից թույլ է տալիս ընտրել, բայց նաև սահմանափակում է, այնինչ օրենքը չի կարող այդպիսի երկակի ստանդարտներ ունենալ: Նշանակում է՝ օրենքի այդ դրույթը ճիշտ չէ, և վերանայումը պետք է հենց այդ հատվածից սկսել»:
Շարունակելով խոսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ Ա. Բախշյանը նշեց. «Ծնողն այդ դեպքում չի փնտրելու մեկ այլ դպրոց, իսկ թաղամասում ընտրությունը փոքրանում է՝ ընտրությունը թաղամասի դպրոցների միջև է լինում: Այստեղ ևս շատ ավելի գլոբալ խնդիր կա՝ դպրոցների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը պետք է համաչափ լինի, որ ծնողը չուզենա երեխային տանել իր թաղամասից հեռու գտնվող դպրոց միայն նրա համար, որ այնտեղ կրթությունն ավելի լավ է կազմակերպվում: Այդ կրթությունը պետք է կազմակերպվի բոլոր դպրոցներում, իսկ տարբերությունը հնարավորինս քիչ լինի: Բացի այդ, ըստ իս, որոշակի դպրոցների նկատմամբ առավելություն տալը հաճախ հիմնավորված չէ: Որոշ դպրոցների նկատմամբ ձևավորված ու արմատացած մոտեցումները դեռ չեն նշանակում, որ այդ հեղինակավոր դպրոցներում իրապես որակյալ կրթություն է ապահովվում, այնպիսի կրթություն, որ իրենց երեխաները կրկնուսույցի կարիք չունենան»:
Անահիտ Բախշյանը շեշտեց, որ խնդիրների շարքը գալիս է նրանից, որ կրթության նկատմամբ պետական հովանավորությունը հավասարապես ու համարժեք չի դրվել: «Խոսքը, մասնավորապես, վերանորոգումների մասին է: Ծնողի համար կարևոր են դպրոցի պայմանները, օրինակ՝ պատուհանները փակվո՞ւմ են, թե՞ ապակի ընդհանրապես չկա: Իրականում դպրոցների մեջ այդ առումով շատ լուրջ տարբերություն կա, ինչն ընտրության մեծ հնարավորություն չի տալիս: Մեծ հաշվով, ակնկալիքը, թե մի էլեկտրոնային հայտագրումով խնդիրները կլուծվեն, սին է:
Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունից շատ լուրջ քայլերի շարան է պահանջվում: Իսկ վերոնշյալ համակարգը կարելի է մեջտեղից վերցրած քայլ որակել: Չուսումնասիրելով խնդիրների շղթան, չվերցնելով լուծումների շարքը՝ վերցվել է մի կետ, որը խնդիր չի լուծելու: Իհարկե, այդ պահին ինչոր հարց լուծելու է, բայց ոչ ամբողջովին: Դպրոցների՝ հավասար վստահություն վայելելու խնդիրը երկար լուծում է պահանջում: Ես վստահ եմ, որ այդ առումով հետազոտություն չի արվել, հասարակությանը չի ներկայացվել քայլերի այն հաջորդականությունը, որտեղ կասվեր՝ այս կետը հիմա իրականացնում ենք, բայց մյուսները ևս կարևոր են, քանի որ խնդիրները համալիր լուծում են պահանջում»,-եզրափակեց փորձագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում