Հնի ու նորի բախումից առաջացող էներգիան անհետ չի կորի
АналитикаԵրկար տարիներ մի կետից կառավարվող Հայաստանի ու նոր Հայաստանի միջև տարբերությունն այնքան էլ տեսանելի չէ, քանի որ զանգով ու ղեկավարի դիմախաղով կողմնորոշվողների գլխում ամեն ինչ իրար է խառնվել:
Վերևներից զանգող չկա, ներքևներն էլ չեն հասկանում, թե ում ասածով պետք է շարունակեն ապրել: Ավելի հետաքրքիր իրավիճակում են հայտնվել նրանք, ովքեր մտածում են, թե 30 տարի երկիրը քանդելուց ու ամեն ինչ ապականելուց հետո, հնարավոր է մի քանի ամսում ամեն ինչ տեղը դնել, առանց հասկանալու թե ո՞վ պետք է դա իրականացնի:
Նոր իշխանությունները, եթե անգամ օրը 24 ժամ աշխատեն, տարիներ է պետք լինելու մի կողմից պղտոր ջրում ձուկ որսացողներին բացահայտելու, մյուս կողմից երկրի հիմքերում գոյացած ճահիճը մաքրելու համար: Իսկ եթե դրան գումարենք փողատերերի դիմադրությունը, որոնք իրենց իշխանությունը պահելու համար կաշառքով ընտրություն էին շահում ու շարունակում լծակներնն իրենց ձեռում պահել, պատկերն ավելի մռայլ կդառնա:
Նույն այդ փողատերերը լավ են հասկանում, որ իշխանություն ունենալու իրենց միակ հնարավորությունը փողն է, այլ հենարան չունեն: Ու եթե հանկարծ դա էլ կորցնեն, կհայտնվեն իրենց համար անհասկանալի իրավիճակում: Դրա համար էլ ամեն կերպ փորձում են պայքարել օրվա իշխանությունների դեմ, մի կողմից նրանց շեղելու, մյուս կողմից իրենց փողին սովոր հասարակության անդամներին նորից իրենցով անելու համար:
Ու այս ֆոնին, պարզ է, որ դատաիրավական համակարգում կուտակված աղբը մաքրելու դեմ էլ պետք է պայքարեն, քանի որ ամեն ինչ սկսվում կամ ավարտվում է հենց այդ կետից: Երկիրը կոռուցիայից մաքելու և զարգացման ուղիով տանելու ճանապարհները տարբեր են: Շատ երկրներ յուրովի են անցել այդ ճանապարհը, բայց մեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած քայլ ստանում է հեղափոխական-հակահեղափոխական որակումը, որը կրկին ճշմարիտ ուղուց շեղելու հնարքներից մեկն է:
Հիմա Հայաստանում, ինչպես օրերս հայտարարվեց, հասունացել է երկրի դատաիրավական համակարգը կեղտից ու ճահիճից մաքրելու ժամանակը, որը կրկին հեշտ չի լինելու: Որ դրա կարիքը վաղուց կար, միանշանակ է, բայց ինչու է այն այդքան ուշացել, հասկանալի չէ: Ու թե այս ճանապարհին եվրոպաներից հայաստանյան իրադարձություններին նայողներն ինչ գնահատական կտան, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ աշխարհի աչքին արդար դատական համակարգ ունենալու մասին հեքիաթներն ավարտվեն, ու դրա փոխարեն իսկապես ազատ ու արդար գործող համակարգ ձևավորվի: Հակառակ դեպքում ցեխի մեջ կանգնած կշարունակենք նոր Հայաստան կառուցելու մասին երազել ու երգեր գրել, առանց գտակցելու, որ դրա հիմքերը թաղված են ճահիճի մեջ:
Արմինե Գրիգորյան