Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը
КультураԹանգարանային գիշեր ամենամյա միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը, որտեղ ներկայացված են մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներից վաղ բրոնզեդարից մեզ հասած ժառանգության հրաշալի նմուշներ: Թանգարանին է պատկանում նաև շուրջ երեք հեկտար հողատարածք, որտեղ ցուցադրված են մեր նախնիների կացարանները:
Մասնաճյուղի վարիչ Աստղ Պողոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ այս տարի թանգարանի այցելուների թիվն ավելացել է: Ու թեև թանգարանն այսօր ունի ենթակառուցվածքների, լուսավորության խնդիրներ, սակայն այդ ամենն, ըստ պաշտոնակատարի, լուծել հնարավոր է, պարզապես շատ աշխատել է հարկավոր:
«Կարծում եմ, որ մինչև հաջորդ տարի նման խնդիրներն արդեն լուծված կլինեն: Բայց մինչ այդ, բոլորին հրավիրում եմ ծանոթանալու մեր ցուցանմուշներին, քանի որ իսկապես բացառիկ հուշարձան ունենք: Երևանն այնպիսի բացառիկ հարստություն ունի, որի մասին պետք է յուրաքանչյուրն իմանա, հատկապես հայաստանցիները, որպեսզի իմանան, թե ինչպիսի հարուստ ժառանգություն մենք ունենք և ինչպիսի գանձեր են թաքնված մեր կողքին: Կարևորում եմ նաև, որ մեր ազգաբնակչությունը խնամքով վերաբերվի այն ամենին ինչ ունենք, քանի որ եթե իմանանք մեր անցյալը, ներկան ևս կկարողանանք ավելի ճիշտ ընկալել և արժևորել»,- ասաց Ա. Պողոսյանը:
Թանգարանում պահվող և ցուցադրվող ցուցանմուշները պատմում են, թե ինչքան զարգացած հարուստ մշակույթ են ունեցել մեր նախնիները և ինչպես են կարողացել տարբեր նյութերից աշխատանքային գործիքներ ու կենցաղային բարձրաճաշակ առարկաներ պատրաստել: Հնավայրի պեղումների ժամանակ հայտնաբերված իրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ տեղի բնակիչները նստակյաց կյանք են վարել, զբաղվել են անասնապահությամբ, մշակել են նաև հացահատիկ, մանել թելեր և այլն: Մեր նախնիների աշխատանքային գործիքներից է եղել նաև մանգաղը որը պատրաստել են խոշոր եղջերավոր կենդանիների ծնոտի հատվածից:
«Ատամները հեռացնում էին և փոսերի մեջ օբսիդիանի միջուկներ էին տեղադրում: Փաստորեն մեր նախնիները շատ լավ գիտեին, որ այն բավականին ամուր և սուր քար է, որն այսօր էլ օգտահործվում է բժշկության մեջ: Շենգավթյան մշակույթի ամենաբնորոշ նմուշներից են նաև վաղ բրոնզեդարյան ժամանակշրջանի սև փայլեցված և բարձրորակ մշակում ունեցող խեցեղենը: Մետաղական փայլի հասցված մշակումը տիպիկ է այս ժամանակշրջանի խեցեղենի համար, որը ևս վկայում է մեր նախնիների բարձր հմտությունների և ճաշակի մասին: Այդ ժամանակաշրջանին բնորոշ են բարձր էսթետիկ հատկությունները, որը երևում է նաև մեզ հասած անոթների որակից ու զարդանախշերից: Հետագայում, միջին բրոնզեդարում այս մշակույթի անկումից հետո արդեն ի հայտ են գալիս կարմրադարչնագույն գույներով անոթներ»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ցավոք, հետագա դարերում կորստյան է մատնվել խեցեղենի սև փայլեցման այդ տեխնոլոգիան, որի վկայութնունն է այն, որ հետագա դարերում նման նշակում ունեցող խեցեղեն այլևս չի հանդիպում: Դա խոսում է տվյալ մշակույթի անկման մասին, որը հետագայում, ցավոք, այլևս չի վերականգնվել:
Թանգարանի տարածքում ցուցադրվող կլոր և ուղղանկունաձև իրար հաջորդող կացարանները նույնպես շենգավթյան մշակույթի մասն են կազմում: Բոլոր կացարանների կենտրոններում եղել են կավե օջախներ: Թանգարանում ներկայացված են նաև բրոնզե դարից մեզ հասած մետաղի հալոցիկներ, կաղապարներ, ասեղներ և այլ նմուշներ:
Անկեղծ ասած, դժվար է մեկ հոդվածով անդրադառնալ այն ամենին, ինչ այսօր խնամքով պահպանվում է արգելոց-թանգարանում, ուստի առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք այն ամենն, ինչ ցուցադրված է, ինչպես նաև պահվում ու պահպանվում է պատմության էջերում:
Արմինե Գրիգորյան