Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին
ЭкономикаՀայտնի իրողություն է, որ երբ իշխանությունները լավ են աշխատում, որևէ մեկի մտքով չի անցնում շնորհակալություն հայտնել նրանցից, իսկ երբ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այնպես չի լինում հարայհրոցն ընկնում է աշխարհով մեկ ու եկար հիշվում:
Հին ու նոր իշխանությունների արածի ու չարածի մասին համեմատությունների սիրահարներին տեղեկացնենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, թե այս տարի, անցյալ տարվա համեմատ որքան բենզին, գազ ու տրանսպորտային միջոցների սպասարկման գծով ինչքան գումար է ծախսվել:
Եվ այսպես՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52 050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81 070 լիտրի փոխարեն: Այսինքն՝ ծախսը մոտ 35,8 %-ով պակաս է եղել:
Գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27 500 խմ գազ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37 720 խմ-ի փոխարեն: Այստեղ ծախսը նվազել է 27,1%-ով: Իսկ ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը եթե 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 15 մլն 563 հազար դրամ, ապա 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38,8 %-ով և կազմել է 9 մլն 532 հազար:
Եվս մեկ ուշագրավ թիվ, որը պարզապես կարելի է ռեկորդային համարել: Պարզվում է, որ 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երևանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին: Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին սպասարկող մեքենան այս տարվա առաջին չորս ամիսներին ծախսել է ընդամենը 700 (յոթ հարյուր) լիտր բենզին, այսինքն՝ մոտ 7,5 անգամ պակաս:
Ու եթե այս ամենը բազմապատկենք 1 լիտր բենզինի կամ 1 խմ գազի գնով, ավելի պարզ կլինի, թե նոր իշխանությունների օրոք միայն այս տողով ինչքան գումարի խնայողություն է եղել:
Ստացվում է, որ երբ նման խնայողություններ են իրականացվում, հասարակությունը դա չի նկատում կամ լավագույն դեպքում չնկատելու է տալիս, բայց երբ խոսք է գնում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին, բոլորը միանգամից ոտքի են կանգնում ու սկսում են նույնիսկ հաշվել անհաշվելին:
Հիմա հարց՝ հետաքրքիր է, թե իրավապահ մարմիններին արդյո՞ք կհետաքրքրի, թե ինչու են նախկին իշխանություններն իրենց նման ճոխություն թույլ տվել և նույն տրանսպորտային միջոցների շահագործման կամ սպասարկման համար ինչո՞ւ են այդնքան շատ գումարներ ծախսվել:
Պարզ է չէ՞, որ այստեղ բազմաթիվ մութ պատմություններ ու տարբեր սխեմաներ կարող էին լինել, որը պետք է օր առաջ պարզել ու բնակչությանն էլ իրազեկել, թե երկար տարիներ վառելիքի ու այլ անվան տակ ինչքան գումար է փոշիացել և դրա համար ով պետք է պատասխանատվության ենթարկվի:
Արմինե Գրիգորյան