Երբ բացակայում են չափանիշներն ու ռացիոնալիզմը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին՝ փաստենք, որ դատական իշխանության թիրախավորումը ունի կոնկրետ նպատակ՝ ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդիրներից և ուղղել նոր «թշնամուն»՝ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկին, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում»: Սակայն ակնհայտ է, որ նման ոլորտ թիրախավորելով՝ իշխանությունները հստակ ոչինչ կամ գրեթե ոչինչ փաստացի չեն առաջարկում. ասպարեզում մնում է դատարկ պոպուլիզմը:
Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի, ինչը չի արվել: Համատարած բոլոր դատավորներին անվանարկել ու համարել «անվստահելի», վիրահատական միջամտություն հայտարարել՝ վետտինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Նախօրեի իր «համահայկական ելույթով» վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե՞ աչառու: Դիցուք՝ վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու են դատավո՞ր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին: Դատարանների շրջափակմանը մասնակցեց, ըստ տարբեր հաշվարկներիի, 1100-1500 քաղաքացի: Եթե սա համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ ու պրիմիտիվ «հեղափոխությունից» և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ:
Իրականում ակնհայտ էր, որ դատարանների դեմ ընդվզման հիմքում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոնկրետ դատավորի որոշումն էր: Փաստացի Նիկոլ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էր, քան ՀՀ վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Միանշանակ է մի բան՝ Քոչարյանի պաշտպանական թիմն ու աջակիցները նման աջակցություն Նիկոլ Փաշինյանից չէին սպասում. հետագայում նրանք դարձյալ հայտարարելու են, որ երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, որն արտահայտվեց նաև դատարանների դեմ ճնշմամբ: Ըստ էության իրականացվեց ակցիա, որը ոչ միայն չնպաստեց դատական համակարգում փոփոխություններին, այլև ի ցույց դրեց աշխարհին, որ «հետհեղափոխական Հայաստանում» միշտ էլ եղել է վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից:
Արդյունքում կոշտ հայտարարություն է արել նաև ԵԽԽՎ-ն: ԵԽԽՎ-ի ՀՀ մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլ յա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: Այստեղ ակնհայտ է, որ թեման իր լրջությամբ հանրային հարթակում լուրջ դիսկուրսի առարկա է դարձել, ինչի արդյունքում էլ նման կոշտ ձևակերպումներով համեմված հայտարարություն է տարածվել: Հայտարարությունը բավականին կոնկրետ էր և տեղին, սա նաև կարևոր է ԵԽԽՎ-ի համար, որպեսզի հետագայում իրենց հանդեպ փաստացի մեղադրանքներ չհնչեն. ԵԽԽՎ-ում հասկացել են, որ այս կազմակերպված «բողոքի ակցիան» ու Փաշինյանի կոչը ամբողջությամբ պայմանավորված է եղել կոնկրետ դատական որոշման հետ: Չի բացառվում, որ առաջիկայում նման այլ հայտարարություններ ևս հնչեն, ինչը ամենևին ցանկալի չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում