Պետք չէ շտապեցնել ու ստիպել վարչապետին, որ ծայրահեղ քայլեր իրականացնի
ИнтервьюՍրա-նրա վրայով գրված օրենքներն այնքան լղոզված են, որ ով ինչպես ուսում է, այնպես էլ այն մեկնաբանում է: Այդ է պատճառը, որ դատավորներն ինչպես ուզում մանյովրում են: Եվ տպավորություն է առաջանում, որ ապրիորի գրված օրենքներով ու Սահմանադրությամբ կառավարվող երկրում հնարավոր է դառնում իրավական վեճերը տարիներով ձգձգել, ցանկացած իրավիճակից դուրս գալու համար դարակներից մի այնպիսի դրույթ գտնել, որը տվյալ պահին կփրկի այդ պահին դրա կարիքը ունեցողներին: Եվ սա նորություն չէ, այս մասին շատ է խոսվում, բայց ինչ է արվում իրավիճակը շտկելու համար, այդքան է հասկանալի չէ:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական համակարգի ներկա վիճակին նշեց, որ նախկինում այն մշտապես կախված է եղել իշխանություններից և երբևէ ինքնուրույն չի գործել:
Չնայած դրան՝ համակարգում եղել են և այսօր էլ կան անկախ դատավորներ, որոնք երբեք չեն առաջնորդվել այս կամ այն շահով ու չեն սպասարկել նախորդ բոլոր իշխանություններին: Ինչ վերաբերում է դատական համակարգը անբարեխիղճ դատավորներից մաքրելու գործընթացին, ապա, ըստ նրա, դրա համար նախատեսված բոլոր գործիքները կան, պարզապես հարկավոր է դրանք օգտագործել:
«Ով զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ լավ գիտի, թե դատարաններում ինչ է կատարվում և դեմ չի լինի այդ համակարգի առողջացմանը, բայց կարևոր է ստեղծել այնպիսի համակարգ, որի պարագայում դատարաններն ընդհարապես անկախ լինեն իշխանություններից: Խնդիրները, որոնք այսօր դրված են դատարանների առջև, կարծես թե ԲԴԽ-ի նախաձեռնողականության պակասի հետևանք է: Բայց, եթե այդտեղ էլ կան խնդիրներ, ապա պետք է բոլորս օգնենք գործադիր և օրենսդիր մարմիններին, որ նման սխալները շտկվեն:
Եվ այդ ճանապարհին պետք չեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք մեր գործին օգուտ տալ չեն կարող: Հասարակությունը դատական ողջ համակարգի հանդեպ վստահություն չունի և մեր խնդիրը նաև հասարակության հետ աշխատելը պետք է լինի: Իսկ եթե ԲԴԽ-ն անգործություն է ցուցաբերում, ապա պետք է հստակեցնել, թե որ հարցում են թերանում: Բայց հարց է ծագում, որ եթե մեկ տարի է ԲԴԽ-ն անգործություն է ցուցաբերում, ապա ինչու միայն Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո նման հարց ծագեց: Մենք նաև պետք է զերծ մնանք հարցերին այսրոպեական լուծումներ գտնելու վտանգավոր ճանապարհից:
Բացի այդ պետք չէ շտապեցնել վարչապետին ու ստիպել, որ նա ծայրահեղ քայլեր իրականացնի: Եվ եթե պետք է օրենքներ փոխվեն, ապա պետք է դրանով զբաղվել, ոչ թե անօրինական քայլեր ձեռնարկելու ճանապարհով գնալ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Արմինե Գրիգորյան