Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ)
Международные новостиԵրկրապահ կամավորականների միությունն իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական աջակցություն է ստանում:
Այսօր` մայիսի 22-ին, ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպությանը:
Արտաշես Սարգսյանը հաճախ է լինում Հայաստանում և սատարում հայրենասիրական ծրագրեր իրականացնող կառույցներին: Այս անգամ որոշել է աջակցել Երկրապահ կամավորականների միությանը, քանի որ `«որքան ուժեղ է մեր զինվորը, այնքան հզոր է մեր հայրենիքը: Իսկ երկրապահ կամավորականը մշտապես հայ զինվորի կողքին է` նրա աջակիցը»,- ասում է Զապորոժիեի հայ համայնքի ղեկավարը:
Նա նաև կոչ արեց աշխարհասփյուռ հայերին հետևել իրենց համայնքի օրինակին` աջակցություն ցուցաբերել վերակազմավորված ԵԿՄ-ին` զորակցելով և սատարելով երկրապահի իրականացրած հայրենանվեր գործունեությանը:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և փոխնախագահ Մանվել Եղիազարյանին Արտաշես Սարգսյանը փոխանցեց Զապորոժիեի հայ համայնքի խորհրդանշական պարգևները:
Սասուն Միքայելյանը շնորհակալագիր հանձնեց Ա. Սարգսյանին և վստահեցրեց, որ ինչպես այս, այնպես էլ հետագա աջակցությունները իր ղեկավարած կառույցը կծառայեցնի միմիայն ազգանպաստ գործունեության իրականացման համար:
Մանրամասները` տեսանյութում: