Պետք է լինեն իրավական-քաղաքական հետևանքներ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին օրերս կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»,- ասել է նախարարը։
Պաշտպանության նախարար Տավիթ Տոնոյանի արձագանքից կարելի է հանգել մի քանի շատ կոնկրետ հետևությունների։
Ակնհայտ է, որ վարչապետը, մեղմ ասած, հերթական զգացմունքային կամ պոպուլիստական հայտարարությունն է արել, որովհետև «դավադրության» մասին վարկածն, ըստ էության, հերքում է ոչ միայն Դավիթ Տոնոյանը, այլ այդ թեմայով նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Ի վերջո, խնդիրն ունի սկզբունքային ենթատեքստ։ Եթե Փաշինյանին հայտնի է կոնկրետ «դավադրության» ու դրա մասնակիցների մասին, ապա նա պետք է հնչեցնի կոնկրետ անուններ, իսկ ԱԱԾ-ն անհրաժեշտաբար քննություն իրականացնի։ Եթե այս երկու կարևոր հանգամանքները բացակայում են, ապա առհասարակ պարզ չէ, թե ինչի մասին է խոսել վարչապետը։ Արդյոք նա ունի՞ տեղեկություններ, ու նրա հայտարարությունն ամրապնդվա՞ծ է փաստական հիմքով, թե՞ հերթական անգամ գործ ունենք հասարակական կարծիքի մանիպուլ յացիայի հետ, որի նպատակը կառավարության ղեկավարի խոսքին «ազդեցիկություն» հաղորդելն է։
Նման պատասխանատու հայտարարությունները, որպես կանոն, ունենում են կոնկրետ իրավա-քաղաքական հետևանքներ։ Համենայն դեպս՝ կայացած ժողովրդավարություններում ԱԱԾ-ն պարտավոր կլիներ հարուցել քրեական գործ, ինչի հետևանքով կհաստատվեին կամ կհերքվեին վարչապետի հայտարարությունները։ Իրավական քննությանն անհրաժեշտաբար պետք է հաջորդեն քաղաքական գնհատականները, այլ խոսքով՝ եթե քաղաքական ուժերի կամ գործիչների մեջ կան «դավաճաններ», նրանք ոչ միայն պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, այլ նաև մարգինալացվեն քաղաքական դաշտում։ Իսկ եթե ճիշտ է մյուս վարկածը, ու վարչապետի հայտարարությունները զուրկ են փաստական բաղադրիչից, ապա դարձյալ պետք է առաջանան իրավական ու քաղաքական հետևանքներ, որովհետև անթույլատրելի են անհասցե որակումները՝ ընդդիմադիր բերանները փակելու ակնհայտ նպատակով։
Մյուս կողմից՝ գործող իշխանության ձեռագիրն արդեն գրեթե ակնհայտ է։ Հեղափոխության թիմը գործնականում չունի զարգացման տեսլական ու ծրագրեր և հասարակությանը կարողանում է կոնսոլիդացնել բացառապես աղմկոտ սկանդալային հայտարարությունների ու մշտապես թիրախներ հայտարարելու մարտավարության շնորհիվ։ Իհարկե, այս մարտավարության էֆեկտիվությունը խիստ վիճահարույց է, համենայն դեպս՝ երկարաժամկետ կտրվածքով։ Օրինակ՝ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններն այս մարտավարությունը գուցե արդյունավետ աշխատում էր, որովհետև հեղափոխությանը մասնակցած հասարակությունն իրավամբ կարծում էր, որ միայն նոր խորհրդարանի ձևավորումով կարող է վերջնական ձևակերպում ստանալ հեղափոխության հաղթանակը։ Պատահական չէ, որ անցած տարվա հոկտեմբերի 2-ին հասարակությունն ակտիվորեն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կոչին ու մասնակցեց խորհրդարանի շենքի «գրոհին»։
Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի այս մարտավարությունը, մեղմ ասած, չի աշխատում։ Պատահական չէ, որ դատարանների «պաշարման» գործողությանը մասնակցեց հազիվ երկու հազար մարդ, ինչը ենթադրում է, որ երկրում արմատապես իրավիճակ է փոխվել, ու մարդիկ նախկինի պես չեն պատրաստվում «հալած յուղի» տեղ ընդունել հեղափոխության առաջնորդի բոլոր հայտարարությունները։
Ժամանակն է, որ գործող իշխանությունը կարողանա կտրվել փողոցից՝ հասկանալով, որ իր հիմնական առաքելությունը պետական օրակարգ ձևակերպելն ու իրականացնելն է։ Հակառակ պարագայում՝ փողոցը կծնի նոր «հերոսներ», որոնք անգամ այդ հարթության վրա կարող են ավելի կենսունակ լինել, քան Փաշինյանի թիմը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում