«Տավուշ տեքստիլ» ընկերությունը գնալով ընդլայնում է աշխարհագրությունը
ЭкономикаՏավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը գնալով ընդլայնում է ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ արտադրամասերը:
Ընկերության հիմնադիրն արմատներով Տավուշից մոսկվաբնակ Սուրեն Երիցյանն է: Նա 2015 թվականին սկզբում Չորաթան համայքում, այնուհետև Արծվաբերդում, ներկայում արդեն Բերդում հիմնել է ձեռնոցի արտադրություն: Փոքրիկ արտադրամաս են հիմնել նաև սահմանապահ Մովսես գյուղում:
Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերություն հիմնելու նպատակն, ի սկզբանե, համայնքներում աշխատատեղ ստեղծելն է եղել, որպեսզի տեղի բնակիչները կարողանան սեփական աշխատանքով տեղում գումար վաստակել:
«Հիմնական նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչների համար աշխատատեղ ստեղծել է եղել, որպեսզի մարդիկ այլևս չսպասեն նպատի օրվան, այլ կարողանան իրենց քրտիքնով սեփական հացը վաստակել: Այս պահի դրությամբ մենք կարողանում ենք Երևան քաղաքի և Ռուսաստանի մարզերի միջին աշխատավարձի չափով գումար վճարել մեր աշխատակիցներին: Միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ և եթե ուսումնասիրեք, ապա կհամոզվեք, որ աշխատավարձի այդ չափը թեթև արդյունաբերության ոլորտում համարվում է բավական բարձր»,- ասաց Մ. Եզեկյանը:
Տնօրենը նշեց նաև, որ այս պահի դրությամբ ընկերության ձեռնարկություններում ընդհանուր առմամբ 600 մարդ է աշխատում, իսկ առաջիկայում ևս 200 աշխատատեղ կբացվի:
«Աշխատատեղերի թիվն անընդհատ աճում է: Մենք ծրագրեր ունենք, որոնք շարունակաբար իրականացնելու ենք: Հիմնական արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ուկրաինա: Ներկայում աշխատում ենք մեր արտադրանքը Վրաստան, Իսրայել, ԱՄՆ և եվրոպական շուկա արտահանելու ուղղությամբ»,- ասաց Մ. Եզեկյանը:
Ընկերությունը հումքն ամբողջությամբ ներկրում է Հնդկաստանից, Մալազիայից, Թուքմենստանից, Ինդոնեզիայից: Դրսից ներկրվող հուքով տեղում արտադրում են բանվորական ձեռնոցներն ու կրկին Հայաստանից արտահանում: Տնօրենը գոհ էր նաև հարկային և մաքսային մարմինների աշխատանքից: Նա նշեց, որ այս ընթացքում արտահանման կամ ներմուծման ժամանակ երբևէ որևէ տհաճ միջադեպ չի եղել:
«Երբեք հարկային կամ մաքսային մարմիններն արհեստական խոչընդոտներ չեն ստեղծել հումք ներկրելու կամ արտադրանքն արտահանելու ժամանակ»,- վստահեցրեց Մ. Եզեկյանը:
Սահմանամերձ համայնքներում արտադրություն հիմնելու և աշխատելու ընթացքում երբևէ չեն մտածել աշխատողներին չգրանցելու կամ հարկերը թաքցնելու մասին, քանի որ ընկերության նպատակը ոչ միայն սահմանին ապրողներին աշխատաքնով ապահովելն է եղել, այլև նորմալ արտադրություն կազմակերպելն ու դրանով իսկ նաև պետությանն օգտակար լինելը:
«Մեր նպատակը ոչ միայն աշխատատեղ ստեղծելն է եղել, այլև հարկեր վճարելով մեր երկրին օգնելը: Տարեկան միջնը 500 միլիոն դրամի չափով հարկեր ենք մուծում, ինչը, կարծում եմ, սահմանամերձ համայքներում գործող կազմակերպության համար վատ չուցանիշ չէ: 2018-ին մեզ մոտ իրականացված համալիր հարկային ստուգումներ են անցկացվել, որի արդյունքում զրոյական ակտ է կազմվել և այդ մասին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից զեկուցվել է ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանին: Այնպես որ, այդ արդյունքը ևս մեզ համար բավականին ոգևորիչ և պարտավորեցնող է: Ուստի պետք է հետագայում ևս այնպես աշխատենք, որ մեզ մոտ հանկած որևէ խախտում չհայտնաբերվի»,- ասաց Մ. Եզեկյանը:
Արմինե Գրիգորյան