«Այն, ինչ շուկայից գնում ենք, իշխան չէ»
Экономика«Սեւանի իշխանի պաշարաների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը 2013-2017 թթ․ պետության կողմից ստացել էր 9 միլիարդ դրամ գումար՝ ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ըստ Կառավարության կողմից հաստատված ծրագրի, մինչեւ 2024 թ. մանրաձկան արտադրությունը նախատեսվում է հասցնել 50 հազար տոննայի՝ ապահովելով 4 հազար աշխատատեղ։
Ներկայում հիմնադրամում աշխատում է 80-90 մարդ, իսկ արտադրությունը չի գերազանցում 150 տոննան։ Այս մասին հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարդան Մամիկոնյանը մայիսի 8-ին Բնապահպանական Հանրային դատարանի՝ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սեւանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի քննության ժամանակ։
«Շատ զգուշավոր կատարված մոնիթորինգի արդյունքներից ելնելով՝ առաջարկում են, որ չգերազանցենք 7-10 հազար տոննա արտադրությունը: Իսկ հակառակ դեպքում կարող է լճին վնաս հասցվի: Մեր արտադրությունն այս պահին չի գերազանցում 100-150 տոննան: Խոսքը վերաբերում է ձկների տարեկան քաշաճին:
Վերանայվող ծրագրում մենք սահմանը կդնենք ոչ ավել քան 7-8 հազար տոննան: Մանրաձկան գործարանի ներկա հզորությամբ չենք կարող հասնել նույնիսկ 5 հազար տոննայի: Երբ այդ թվերին քիչ թե շատ մոտենանք, կհասկանանք 7-8 հազարի իմաստ ունի ձգտել, թե ոչ: Առավելագույնը մինչեւ 50 գրամ 2 միլիոն մանրաձուկ կարող ենք արտադրել»,- նշեց նա:
Համաձայն ծրագրի, հիմնադրամը պետք է Սեւանա լիճ բաց թողնի իր արտադրած մանրաձկան 25 տոկոսը: Ավելի շատ չեն կարող բաց թողնել, քանի որ մեծ մասը պետք է վաճառեն, այնուհետեւ ստացված եկամուտները կրկին ուղղեն ծրագրի մեջ: Սեւան են բաց թողնում մինչեւ 1.5 գր մանրաձուկ։ Իսկ ցանցեր տարվում են 50 եւ ավելի գրամ կշռով մանրաձկներ:
Մամիկոնյանը նկատեց, որ 2017 թ. իրենց ցանցերի վնասվելու արդյունքում ամբողջ մանրաձուկը լցվեց լիճ, ինչի շնորհիվ Սեւանա լճում ավելի քան 17 անգամ ավելացավ իշխանի պաշարը:
«Լճում իշխանի պաշարները տարիներ շարունակ գնահատվել են մեկ, մեկուկես տոննա: Մեզ մոտ փախուստը եղել է մոտավորապես 100 տոննայի չափով: Փախուստը եղել է ապրիլին, իսկ գնահատել ենք պաշարները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Էդ ընթացքում որսագողերն իրենց գործը արել են: Ու այդ պահին տեսնում էինք, որ պարկերով, կգ-ը 1000 դրամով լճից հանածիշխանը վաճառում էին»,-նշեց հիմնադրամի տնօրենը։
Ըստ Վարդան Մամիկոնյանի, իրենց ծրագրի նպատակներից է նաեւ սելեկցիայի արդյունքում փորձել ունենալ արտադրական ձուկ իշխանի բազայի վրա: «Մենք շուկայից գնում ենք այսպես կոչված իշխան, բայց դա իշխան չէ: Ոչ մի կապ չունի մեր իշխանի հետ: Դա ծիածանափայլ ֆորելն է, որը վայրի ֆորելի հիման վրա ստեղծված արտադրական ձկնատեսակ է»,- ասաց նա։
Վարդան Մամիկոնյանը պնդում է, որ իրենց կողմից օգտագործվող կերերը հորմոն չեն պարունակում: Այն ներկրում են Դանիայից, Հոլանդիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից: Նրա խոսքով, բազմաթիվ կազմակերպություններիրենց կերի հետազոտություն են կատարել եւ հերքել այնտեղ հորմոնների առկայությունը:
Վարդան Մամիկոնյանի կողմից ներկայացված տվյալները փաստում են այն մասին, որ ՀՀ նախկին կառավարության կողմից հատատված ծրագիրը փոփոխվել է եւ ակնկալվող արդյունքները ազալիորեն զիջում են նախանշված ցուցանիշներին: