Նախարարն էլ չգիտե՞ր այդ մասին
ЭкономикаԱյն, որ երկրի վարչապետը չգիտեր Սյունիքի մարզում 3D տպիչների արտադրության մասին զարմանակի չէ: Զարմանալին այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ մասին չգիտեր նաև Տնտեսական մրցակցության նախարարը:
Հակառակ դեպքում բոլորը, անգամ Հայաստանի ձեռքբերումներով չուրախացողները ավելի վաղ կիմանային, որ մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսը, որը շատերիս պատկերացումներում փոքրիկ պրովինցիալ քաղաք է, որտեղ նոր տեխնոլոգիաները սովորականից ավելի ուշ են հասնում, գործարար շրջանակներն էլ կարծես սահմանափակվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, 2015թ. Ամռանը երիտասարդ ծրագրավորող-ինժեներներ Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը որոշեցին փոխել բոլորի պատկերացումներն ու Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել:
«ՕգմենթԱր» ընկերության արտադրած տասնյակ տպիչներն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում:
Նման դեպքերում հարց է ծագում, թե ընդհանրապես ինչով է զբաղվում այս գերատեսչությունը, երբ ներդրումների համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծելու համար առկա օրենքները՝ օրենք չեն, ներդրողներն էլ հաստատ նախարարության դռները չեն կոտրում իրենց գումարներով այստեղ ինչ-որ գործ սկսելու համար: Թվեր հրապարակելու ժամանակ երկնիշ թվերից են խոսում, բայց փաստն այն է, որ տարիներ շարունակ տնտեսական ակտիվությունը զրոյական մակարդակից չի կարողանում աճել, հավանաբար նաև այն պատճառով, որ այս գերատեսչությունը երբևէ իր առջև նման հարց չի էլ դրել:
Փաստորեն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը չգիտեր նաև, որ ընկերությունն արտահանման ծավալները շեշտակի ավելացնելու համար 18 միլիոն դրամի ներդրման կարիք ունի: Հակառակ դեպքում ամեն ինչ կաներ, որ ժամանակին ներդրման հարցը լուծվեր, իսկ այս պահի դրությամբ արդեն արտահանման ծավալները շեշտակի աճած կլինեին:
Ստացվում է, որ այս գերատեսչությունը տեղապտույտից բացի, ուրիշ ոչինչով չի կարողանում զբաղվել: Եվ սա այն դեպքում, երբ ահռելի հնարավորություն ունի երկրի տնտեսության փտած նավը վերանորոգելու և այն բաց ծով ուղարկելու համար: Թե ինչու դա նախկին իշխանությունների օրոք չէր արվում հասկանալի է, բայց թե ինչու է նման աշխատաոճը շարունակվում այսօր՝ հասկանալի չէ:
Այս պայմաններում, պարզ է, որ նման գերատեսչության օպտիմալացումն ավելի շատ օգուտ կտա պետական բյուջեին, քան կարելի է ակնկալել դրա ներկայությունից, քանի որ փաստորեն այս մեկ տարվա ընթացքում գերատեսչությունն այդպես էլ չկարողացավ որևէ օգուտ տալ ո՛չ գործին, ո՛չ երկրին:
Արմինե Գրիգորյան