Փաշինյանը «կզոհաբերի» Զեյնալյանին
АналитикаԱնցումային արդարադատության հարցն այսօր գտնվում է ՀՀ իշխանությունների օրակարգում: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարծես արագացրեց գործընթացը՝ դատարանների շրջափակման ակցիան, վեթինգի գործընթացը դրա վառ ապացույցն են: Սակայն վերը նշված գործողությունները միանշանակ չեն ընդունվել ո՛չ հայաստանյան, ո՛չ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի մոտ, սովորության համաձայն, անհրաժեշտություն է առաջացել գտնել քավության նոխազներ՝ իր ռադիկալ քայլերի գնալու անհրաժեշտությունը բացատրելով վերջիններիս անգործությամբ:
Կարծես թե իշխանական մեդիան գտել է այդպիսի անձի. դա արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նիկոլ Փաշինյանի թիմն այսօր փորձում է ներկայացնել այնպես, կարծես հենց նախարարի՝ ժամանակին ռեֆորմների չգնալու արդյունքում է Փաշինյանը ստիպված գնալ այսչափ ռադիկալ և ռեզոնանսային քայլերի: Մինչդեռ հասկանալի է, որ դատական համակարգի բարեփոխումները չէին կարող իրականցվել առանց վարչապետի դաբրոյի: Ստացվում է՝ Փաշինյանին պարզապես «ձեռք չէր տալիս», օրինակ, հինգ կամ վեց ամիս առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները. նա սպասում էր հարմար պահի՝ փողոցի օգնությամբ հարցը լուծելու հնարավորությանը: Եվ ահա, երբ եկել է հարմար պահը՝ Փաշինյանն անցնում է գրոհի՝ զոհաբերելով անգամ իր կաբինետի անդամին:
Չնայած, իհարկե, Զեյնալյանին Փաշինյանի թիմակից չես անվանի և գուցե հենց այդ հանգամանքն էլ խաղացել է իր դերը: Իհարկե, Զեյնալյանն ունեցել է սխալներ՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող քաոսը դրա վառ վկայությունն է, սակայն հարցն այս դեպքում շատ ավելի խորքային է և վերաբերվում է վարչապետի՝ պատասխանատվությունից խուսափելու փորձին: Փաշինյանը գործում է իր կողմից գծված սցենարով, անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, այնուհետև անցնում է մեղավորների փնտրտուքի, դավադրությունների տեսությունների բացահայտման՝ մոռանալով, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների թիվ մեկ պատասխանատուն արդեն մեկ տարի է՝ ինքն է…