«Տվե՛ք մեզ «Հայֆիլմում» գործունեություն ծավալելու հնարավորություն, և մի քանի տարի անց բոլորը կխոսեն կինոստուդիայի մասին». «Փաստ»
Культура«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտ երեք տարի առաջ հիմնադրված «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նորություններ ունի. շուտով կսկսի գործել համանուն հասարակական կազմակերպությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց նախաձեռնության հիմնադիր, կինոռեժիսոր Հայկ Բաբայանը:
Նշենք, որ նախաձեռնության նպատակը «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնումն է: «Այսօր ինչ-որ մեկը կարող է «Հայֆիլմին» թեկուզ 10 միլիոն դոլար գումար նվիրել, կսկսեն տարածքը վերանորոգել, կարգի բերել, բայց դա ընդհանրապես կապ չունի «Հայֆիլմի» վերածննդի հետ: Վերածնունդը պետք է լինի գաղափարապես, պետք է վերականգնվի ազգային բրենդը, ինչն այս պահին անկարող է անել «Հայֆիլմի» ներկայիս ղեկավարությունը: Պետք է փաստեմ, որ նրանք հարգանքով են վերաբերվում նախաձեռնությանը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «մենք իրենց աչքի լույսը չենք»: Նախաձեռնությունն ինքնին խոսում է ինչ-որ մարդկանց թերի գործունեության մասին:
Շատերը կասեն՝ տարածքը վարձով են տվել, որոշակի ներդրումներ են կատարել, դրա որոշ հատվածը վերանորոգել: Բայց մենք պայքարում ենք «Հայֆիլմի» իրական վերածննդի համար, այն է՝ «Հայֆիլմի» լոգոյով ֆիլմեր ստեղծվեն, ցուցադրվեն օտար երկրներում: Կինոստուդիան պետք է հեղինակություն վայելի, և սա լուծելի խնդիր է, մենք պատրաստ ենք դա անել մեկ տարվա ընթացքում», - ասում է Հայկ Բաբայանը: Նա նշում է, որ «Հայֆիլմի» ներդրողը մասնագետն է, ճիշտ կադրային քաղաքականությունը, որը պետք է մշակվի, այսինքն՝ հարցը միայն գումարը չէ, այլ քրտնաջան աշխատանքը, նվիրվածությունը, սերը:
Բաբայանն ընդգծում է, որ երբ փաստաթղթերը պատրաստ լինեն, և իրենք արդեն պաշտոնապես համարվեն հ/կ, դիմելու են Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին: «Առաջարկելու եմ ԱԺ գիտության, կ րթ ության , մշակույթի , սփյուռքի , երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հետևյալը. դուք մշակույթի հանձնաժողովն եք, մենք՝ «Հայ կինոյի վերածնունդ» հ/կ-ն: Առաջարկում ենք «Հայֆիլմի» վերահսկողությունը վստահել ձեր հանձնաժողովին: Ասելու ենք՝ տվե՛ք մեզ հնարավորություն՝ հաստիքացուցակ կազմել, թե ով ինչով կարող է զբաղվել, ժամանակացույց մշակել, և առնվազն մեկ տարվա ընթացքում կհասնենք նրան, որ մեր երկիրն ունենա իր պետական կինոստուդիան: Այսինքն՝ այդ հանձնաժողովը պետք է դառնա վերահսկողը:
Ես պատրաստ եմ դրա նախագահին և մյուս անդամներին երեք ամիսը մեկ զեկուցել, թե ինչ ենք արել: Պետությունն էլ, իհարկե, պետք է որոշակի ներդրումներ կատարի կինոստուդիայի զարգացման հարցում: Հայաստանի լավագույն մասնագետները կարող են որոշակի հաստիքներով «Հայֆիլմում» աշխատել: Տվե՛ք մեզ հնարավորություն «Հայֆիլմում» գործունեություն ծավալելու, և մի քանի տարի անց բոլորը կխոսեն կինոստուդիայի մասին:
Ես չեմ կարող պետական գույքի վարչության պետի հետ քննարկել հայկական կինոյի խնդիրները: Նարեկ Բաբայանը շատ լավ անձնավորություն է, ունի լսելու կարողություն: Ասեմ ավելին՝ նախորդների ժամանակ նույնիսկ հանդիպումներն էին անհնար, բայց ինքը նախաձեռնել է, հանդիպել ենք, սակայն չենք կարողանում համագործակցության ընդհանուր կետ գտնել: Մենք խոսում ենք կինոյի խնդիրներից, նա՝ վերանորոգումից, ասում ենք՝ կինոդպրոց կարելի է ստեղծել, նա այլ խնդրի մասին է խոսում: Սա գալիս է նրանից, որ պետական կառավարման համակարգում շատ հարցեր բարդացված են», - եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում