«Ամենուր իմ երգերն են երգում, բայց ես այսօր ծայրահեղ վիճակի մեջ եմ, չեմ կարողանում ապրել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Գուսան Հայկազոնը Արցախյան պատերազմի մասնակից է, գրել և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից 10-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդունել է որպես բանակային քայլերգ: Նրա առավել նշանավոր երգերից են՝ «Հայե՛ր, միացե՛ք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք» և այլն: Այս երգերը հնչում են ամենատարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ, բայց երբեմն նույնիսկ չի բարձրաձայնվում դրանց հեղինակի անունը, խոսք չկա անգամ հեղինակին հոնորարներ վճարելու մասին: Խնդիրը «Փաստի» հետ զրույցում բարձրաձայնում է գուսանը:
«Իմ անձնական օրինակով խոսեմ ամենակարևոր խնդիրներից մեկի մասին: Արդեն 30 տարի է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում երգերս ողջ հայության ամենասիրված ստեղծագործություններից են, համազգային երգեր են: Արտասահմանում եթե մի երգահան 2-3 լավ երգ է ունենում, նա բարեկեցիկ կյանքով է ապրում: Այսօր ունեմ մոտ 100 երգ, որոնցից տասը միայն ՊՆ-ի քայլերթեր են: Բոլոր ռեստորաններում իմ երգերն են երգում, արտասահման գնացող ցանկացած համերգային խումբ կամ անհատ իմ երգերը կատարում է, բայց ես այսօր ծայրահեղ վիճակի մեջ եմ, չեմ կարողանում ապրել: Հասկանո՞ւմ եք՝ այսօր ստեղծագործողի հեղինակային իրավունքը պաշտպանված չէ: Շատերը չեն էլ նշում, թե ում երգն են կատարում, որովհետև պետք է հոնորար վճարեն հեղինակին: Այս առումով ինչ-որ բան սխալ է: Ես և բոլոր ստեղծագործողները պետք է ապրելու գոնե միջին պայմաններ ունենանք: Պետք է հոնորար ստանանք, որ կարողանանք ոչ միայն ապրել, այլ նաև ստեղծագործել», - ասում է գուսան Հայկազունը՝ շեշտելով, որ այս խնդրին միայն ինքը չի բախվում, սակայն իր օրինակով է ցույց տալիս դրա բուն էությունը:
Սահուն անցում ենք կատարում մշակույթում տիրող վիճակին: Գուսանի կարծիքը դրականներից չէ: Դժգոհում է՝ ազգային մշակույթը հետին պլան է մղվել:
«Մշակույթում այս պահին բարձիթողի վիճակ է: Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում: Լուրջ քայլեր պետք է կատարվեն ազգային մշակույթը հովանավորելու, առաջ տանելու համար: Երբ որպես զբոսաշրջիկ այցելում ես այս կամ այն երկիր, այնտեղ քեզ ծանոթացնում են ազգային մշակույթի հետ: Նույնն էլ պետք է լինի Հայաստանի դեպքում: Եթե զբոսաշրջիկը ժամանում է Հայաստան, նա չի գալիս այստեղ տեսնելու եվրոպական ինչ-որ երկրի մշակույթ: Նրան հետաքրքիր է Հայաստանը, մեր ազգային մշակույթը, կենսակերպը: Իսկ մշակույթն օտարին կարելի է ներկայացնել առաջին հերթին երգարվեստի ու պարարվեստի միջոցով: Սրա հետ կապված բավականին լուրջ հարցեր ունեմ: Սպասում եմ տեսնեմ, թե ինչ ձևով կգործի մեր համապատասխան նախարարությունը, որ այդ հարցերով դիմեմ նրանց, քննարկումներ լինեն: Փաստ է, որ մշակույթի ոլորտում ինչ-որ բան ճիշտ չէ: Դրա վրա պետք է աշխատել: Ազգայինը պետք է ամենուր առաջ մղել, դրանով ապրել: Մենք փոքր երկիր ենք, պետք է մերը զարգացնենք», - ընդգծում է մեր զրուցակիցը:
Գուսանը չի շրջանցում նաև մշակույթի նախարարության օպտիմալացման խնդիրը, և հարցս կանխելով՝ ասում. «Այն մշակույթի նախարարությունը, որն ունեցել ենք մինչև հիմա, ավելի լավ է չլինի: Մի օրինակ բերեմ. մեր նախարարներից մեկի հետ ուզում էի հանդիպել: Մշակույթի վաստակավոր գործիչ եմ, իրենք են ինձ այդ կոչումը տվել: Նախարարը մի ամիս ինձ չընդունեց: Ի՞նչ մշակույթի նախարարություն: Ինչո՞վ են զբաղվել: Ստեղծագործողներից շատերը տարին մեկ անգամ համերգ չեն կարողանում կազմակերպել, որովհետև դահլիճների վարձակալությունը շատ թանկ է: Ներկայիս մշակույթի նախարարության փոխարեն կարող է մի փոքր բաժին լինել՝ 10 աշխատողով, բայց ավելի կարևոր գործեր անել», - նշում է երգահանը:
Նա ասում է, որ մշակույթի ոլորտում, հատկապես ֆինանսավորման տրամադրման հարցում, պետք է գործի արդարության ու հավասարության սկզբունքը:
«Մշակույթի նախարարությունը միլիոններ է տրամադրել հայկական ֆիլմերի նկարահանման համար, բայց մի երգի ձայնագրության համար ստեղծագործողը հարյուրավոր մարդկանց պետք է խնդրի, որ իրեն հովանավորեն: Ինչո՞ւ պետք է կինոարտադրությանը կամ էլ մշակույթի այլ ճյուղի միլիոններ տան, բայց, օրինակ, ազգային երգ ստեղծելու համար կես միլիոն էլ չստանա ստեղծագործողը: Եթե գումար տալիս են, պետք է բոլորին տան: Հարցերը շատ են, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու՝ իհարկե մեր օգնությամբ», - զրույցն այսպես է ավարտում գուսան Հայկազունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում