Վտանգավոր նախադեպ վեթթինգի համար. ի՞նչ է ուզում Փաշինյանի թիմը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովը կրկին մերժել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած արդեն չորրորդ թեկնածուին` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանին: Իրավիճակը չփրկեց անգամ այն հանգամանքը, որ թեկնածուն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապված չէ։
Խորհրդարանական մեծամասնությանն, ըստ ամենայնի, նման փաստարկները չեն հետաքրքրում, նաև այն հանգամանքը, որ նախագահի ներկայացրած թեկնածուն պրոֆեսիոնալ է, ոլորտում անցած ճանապարհ ունի և, ի դեպ, խորհրդարանում չէր խուսափում պատասխանել պատգամավորների անգամ սուր հարցերին։ Փոխարենը՝ «Իմ քայլի» պատգամավորներն առավելագույնը կարողացան անլրջացնել քննարկումները, օրինակ՝ հիշելով, որ ՍԴ համալսարանական թեկնածուն եղել է նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաննեից մեկը։ Կարող է նույնիսկ անհեթեթ տպավորություն ստեղծվել, որ Արթուր Վաղարշյանի մոտ ամեն ինչ նորմալ էր, ու նա ՍԴ անդամ չընտրվեց այն պատճառով, որ հեղափոխության թիմի պատվերով չի մասնակցել ԵՊՀ նախկին ռեկտորի դեմ կազմակերպված արշավին։
Ստեղծված իրավիճակը փակուղային է ու բազմաշերտ վերլուծությունների հիմք է տալիս։ Ակնհայտ է, որ ՍԴ անդամ պետք է լինի մեկը, ով քաղաքական պատկանելությամբ ու կապերով կաշկանդված չէ։ Օրինակ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը հիմնավորում են հենց այն հանգամանքով, որ նա դատավոր ընտրվելու պահին եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ Եթե Թովմասյանի հարցում «քայլողներն» օբյեկտիվ են, ապա երեկ պարտավոր էին ընտրել նախագահի առաջադրած թեկնածուին, համենայն դեպս՝ նրա մասնագիտական որակներն ու քաղաքական անկախությունը որևէ մեկը կասկածի տակ չդրեց։
Արդ, կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի թիմին պետք է ոչ թե անաչառ դատավոր (դատավորներ), այլ մեկը, որը հարում է իրենց թիմին։ Համենայն դեպս, ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվում է լուր, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ՍԴ անդամ է ուզում դարձնել Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին՝ այն հեռահար նպատակով, որ հետո վերջինս զբաղեցնի նաև ՍԴ նախագահի պաշտոնը։ Ուշագրավ է, որ այդ լուրը խորհրդարանական մեծամասնության կողմից չի հերքվում, ավելին՝ նախագահի առաջարկած թեկնածուները մերժվում են բացառապես քաղաքական պատճառներով։
Խնդիրն ուշագրավ է երկրում մեկնարկած, այսպես կոչված, վեթթինգի գործընթացում։
Արդյո՞ք ՍԴ անդամի ընտրության հետ կապված ոչ դրական համատեքստը կարող է նախադեպային լինել, այսինքն՝ կա՞ն երաշխիքներ, որ դատական ռեֆորմի գործընթացը նույնպես չի ուղեկցվի քաղաքական սուբյեկտիվիզմով։ Հիմա ԱԺ-ն քաղաքական դրդապատճառներով մերժում է Արմեն Սարգսյանի առաջարկած թեկնածուներին, իսկ ո՞րն է երաշխիքը, որ վեթթինգը չի դառնալու գործիք, որի միջոցով Փաշինյանի թիմը դատական համակարգը զտելու է «անցանկալի» դատավորներից ու համալրելու յուրայիններով։
Չկա ոչ մի երաշխիք, մանավանդ, որ ցանկացած սուբյեկտիվ քայլ կարելի է հիմնավորել ժողովրդական մանդատով՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ վարչապետի ու նրա թիմի հանրային աջակցության մակարդակը նվազում է արձանագրել նույնիսկ անզեն աչքով։ Եթե մեր մտավախությունը ճիշտ է, ապա դատական ռեֆորմից հետո ունենալու ենք ոչ թե անկախ դատական համակարգ, այլ «արդարադատություն», որը կրկին սպասարկում է բացառապես օրվա քաղաքական իշխանության շահերն ու ցանկությունները։ Սակայն վերադառնանք ՍԴ անդամի ընտրության հարցին։
Դատավոր առաջադրելու իրավունքը պատկանում է նախագահին, ինչից Արմեն Սարգսյանն օգտվում է, սակայն նրա առաջադրած տարբեր թեկնածուները հետևողականորեն մերժվում են խորհրդարանական մեծամասնության կողմից, որը հաստատապես ունի իր թեկնածուն, որին, հավանաբար, այլևս առաջադրելու ցանկություն չունի Արմեն Սարգսյանը։ Այս փակուղային իրավիճակն էապես հարվածում է նախագահի, խորհրդարանի, նաև՝ ՍԴ հեղինակությանը ու հիմքեր է տալիս պնդելու, որ հետնաբեմում ներիշխանական ինտրիգներ են, կամ՝ առնվազն անհաղթահարելի հակասություններ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Շատ ավելի ռացիոնալ կլինի փակուղային իրավիճակը հանգուցալուծել բանակցային միջավայրում՝ իշխանության նկատմամբ հանրային վստահությունը չփոշիացնելու նպատակով, եթե, իհարկե, ՓաշինյանՍարգսյան հակասություններն իրապես անհաղթահարելի չեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում