«Հայաստանում կա գյուղական տուրիզմը զարգացնելու պոտենցիալ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանում կա գյուղական տուրիզմը զարգացնելու պոտենցիալ:
«Ամբողջ աշխարհում զբոսաշրջիկները ցանկանում են այցելել այնպիսի վայրեր, որտեղ մաքուր սնունդ են ճաշակելու, մյուս կողմից էլ հնարավորություն են ունենալու հանգստանալ բնության գրկում՝ քաղաքի աղմուկից կտրված: Նրանք նախընտրում են ապրել գյուղական բնակավայրերում, ընդ որում՝ ոչ թե հյուրանոցներում, այլ ընտանիքներում: Ընտանիքում ապրելով` զբոսաշրջիկները ծանոթանում են նրանց ապրելակերպին, շփվում մարդկանց հետ: Սա նրանց համար այլ կենսակերպ է, մշակույթ: Խոսքն, իհարկե, ոչ բոլոր զբոսաշրջիկներին է վերաբերում», - նշում է Կարինե Դավոյանը:
Նա ընդգծում է, որ գյուղական վայրերում մարդիկ ավելի հյուրասեր են, էությամբ մաքուր ու ազնիվ: «Հայկական հյուրասիրությունը և մարդկային ջերմությունը ձգում է զբոսաշրջիկներին: Սակայն գյուղական համայնքներում մարդիկ պետք է կարողանան հյուրեր ընդունել, իսկ դրա համար համապատասխան ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, գիշերակացներ, որոնք ապահովված կլինեն տարրական պայմաններով: Բացի դրանից, գյուղերում պետք է լինեն նաև հետաքրքիր վայրեր, որոնք զբոսաշրջիկները կարողանան տեսնել: Օրինակ, այցելել պատմամշակութային վայրեր կամ էլ մասնակցել, ասենք, պանրի արտադրությանը, գինու պատրաստման գործընթացին, տեսնել՝ ինչպես են արհեստավորները կավից հետաքրքիր իրեր պատրաստում, նկարազարդում դրանք և այլն», - ասում է մեր զրուցակիցը:
Կարինե Դավոյանը նշում է՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, օրինակ, անվերադարձ գումար է տրամադրում գյուղական համայնքներում բնակվող մարդկանց: Եթե նրանք ունեն համապատասխան տարածք, կարող են դա վերանորոգել, պայմաններ ստեղծել՝ զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար:
«Գյուղական վայրերում, եթե կան մարդիկ, որոնք հետաքրքիր առաջարկներ ունեն, կարող են դիմել միջազգային կառույցներին: Ե՛վ մեր պետությունը, և միջազգային կառույցները շահագրգռված են գյուղական տուրիզմը զարգացնելու հարցում, քանի որ դա շատ կարևոր դեր ունի երկրի տնտեսության զարգացման հարցում: Համայնքները զարգանում են, ճանապարհներ են կառուցվում, նոր աշխատատեղեր բացվում», - կարծում է Դավոյանը:
Ասոցիացիայի նախագահը հավելում է, որ բանկերը ևս կարող են աջակցել գյուղական համայնքներում բնակվողներին՝ նրանց ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել: «Դրա միջոցով մարդիկ կկարողանան համապատասխան պայմաններ ստեղծել զբոսաշրջիկներին ընդունելու համար: Գյուղատնտեսությունը զարգացնելու համար գյուղացիները բավականին շատ են վարկեր վերցրել, ուստի տուրիզմի զարգացման համար հատկացվող վարկերը հավել յալ բեռ չպետք է լինեն նրանց համար, տոկոսադրույքները պետք է շատ ցածր լինեն», - եզրափակում է Կարինե Դավոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում