Մասիսում տղամարդը դանակը դրել է վաճառողուհու վզին ու գումար պահանջել. հաճախորդներից մեկը նրան վնասազերծել է
ОбществоԱրարատի մարզում, մայիսի 31-ին, ավազակային հարձակում եւ կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 16։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ-սրահ է մտել մի քաղաքացի, գնումներ կատարելու պատրվակով մոտեցել է կոշկեղենի տաղավարին, որտեղ բռնել է վաճառողուհի՝ Մասիսի բնակիչ, 37-ամյա Լարիսա Ռ.-ի պարանոցից, դանակը դրել պարանոցին եւ պահանջել գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ պահին խանութում գտնվող մի քաղաքացի, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է հանցագործին, այնուհետեւ ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այդ անձին բերման են ենթարկել Մասիսի ոստիկանության։
Պարզվել է, որ նա Մասիս քաղաքի բնակիչ 41-ամյա Զոհրաբ Վ.-ն է, ով վնասազերծվելու պահին վայր է ընկել եւ դեմքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործին վնասազերծել է Մասիս քաղաքի բնակիչ 31-ամյա Ալիկ Ռ.-ը. նա դանակով զինված հանցագործի կողմից դիմադրության հանդիպելով, ուժ է կիրառել։
Բացի այդ, Մասիսի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զոհրաբ Վ.-ն Մասիս քաղաքում նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում կողոպուտ է կատարել։ Նա հետապնդել է Մասիսի բնակիչ 56-ամյա Սաթիկ Ս.-ին եւ Նոր թաղամասի «Ինեսա» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար դրամ չափի գումար։ Քննիչի որոշմամբ Զոհրաբ Վ.-ն ձերբակալվել է։